Սխալ է ընտրված թիրախը կամ թիրախի նշանառությունը․ Նրանք բումերանգ են նետում Մանվել Գրիգորյանի ուղղությամ

Էջմիածնեցիները վերսկսել են Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիաները եւ փակել օդանավակայան տանող ճանապարհը: Հարցը չի լուծվել անգամ փոխոստիկանապետի եւ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորի միջամտությամբ:

Картинки по запросу ցույց մանվել գրիգորյան

Իշխանությունը ժողովրդինն է, մենք էլ ժողովուրդն ենք եւ որոշում ենք փակել ճանապարհը: Դա է նրանց դիրքորոշումը, որով պահանջում են դարձյալ կալանավորել Մանվել Գրիրգորյանին:

Շատերն այստեղ դիտում են մի իրավիճակ, երբ թավշյա հեղափոխությամբ ձեւավորված իշխանությունը հայտնվել է իր իսկ «փորած փոսում», ինչպես գնահատում են: Իրականում, սակայն, խորքային իմաստով, քաղաքացիներն են իրենց գլորում այն փոսը, որից կարծես թե դուրս էին եկել թավշյա հեղափոխությամբ:

Երբ ճանապարհները փակելու քաղաքացիական անհնազանդության մեթոդը կիրառվում էր թավշյա հեղափոխության ընթացքում, տալով իր արդյունքը, այդ մեթոդի կիրառումը միանգամայն տրամաբանված ու արդարացված էր՝ իշխանությունը ժողովրդինը չէր, ժողովուրդը դուրս էր մղված իշխանության ձեւավորման եւ կառավարման գործընթացներից եւ իր իշխանությունը փորձեց իրացնել փողոցում: Այդ մեթոդով էլ ժողովուրդը կարողացավ ձեւավորել իր իշխանությունն արդեն պետական կառավարման մարմիններում:

Եթե այդ կառույցներում ձեւավորվածը ժողովրդի իշխանությունն է, ապա ժողոուրդն այլեւս չունի փողոցներում անմիջական իշխանություն իրացնելու կարիք, որովհետեւ նա վերադարձել է պետական կառավարման համակարգ, նա է ձեւավորել այն իշխանությունը, որը պետք է կառավարի:

Հետեւաբար, էջմիածնեցիների հայտարարությունը՝ թե իշխանությունը ժողովրդինն է, ուրեմն ուզում են՝ փակում են ճանապարհը, առերեույթ է արդարացի: Խորքային առումով այն բարդույթի, ոչ թե ժողովրդի իշխանության իրացման դրսեւորում է:

Բարդույթի, որ գալիս է նախկին համակարգից, նախաթավշյա իրողությունից, որտեղ հանրությունն էր իրեն զգում մերժված: Արտահայտվում է գուցե նաեւ բարդույթը այդ ժամանակաշրջանի Մանվել Գրիգորյանից, տպավորություն ստեղծելով, որ նրան ոչ թե մերժումեն, այլ վախենում են, որ նա կարող է վերականգնել իր նախկին դիրքն ու բնույթը Էջմիածնում, իսկ իրենք անկարող կլինեն դիմակայել դրան մտքով ու հոգեբանությամբ:

Ըստ այդմ, էջմիածնեցիները փողոց փակելիս կարող են հայտարարել, որ իշխանությունը ժողովրդինը չէ, դրա համար էլ փակում են փողոցը: Այսինքն, նրանք պետք է պատասխանեն այդ հարցին՝ իրե՞նցն է, ժողովրդինն է իշխանությունը, որ ձեւավորված է Հայաստանում, թե՞ ոչ:

Բացասական պատասխանի դեպքում փողոցը փակելը կդառնա հասկանալի: Ընդունելի, թե ոչ, այլ հարց է, բայց կդառնա հասկանալի: Եթե պատասխանը դրական է, ապա Մանվել Գրիգորյանի կալանավորման պահանջով փողոց փակելը անհասկանալի է:

Նրանք կարող են չընդունել դատարանի որոշումը, սակայն դա մերժելու ձեւերը բազմաթիվ են եւ անգամ ավելի արդյունավետ ձեւերը, քան փողոց փակելը, որովհետեւ դրանից ոչ թե Մանվել Գրիգորյանն ու նրա վերաբերյալ վճիռ կայացրած դատավորն են անհարմարության մեջ հայտնվում, այլ իրենց, այսինքն ժողովրդի մյուս մասը, որն օրինակ այդ ճանապարհով պետք է գնա իր առօրյա գործերով:

Ըստ այդմ, էջմիածնեցիների ներկայիս վարքը ամենեւին քաղաքացիական խիզախության դրսեւորում չէ: Առավել եւս քաղաքացիական պայքարի կրեատիվի դրսեւորում չէ: Եվ նույնիսկ սխալ է ընտրված թիրախը կամ թիրախի նշանառությունը: Նրանք բումերանգ են նետում Մանվել Գրիգորյանի ուղղությամբ:

Այստեղ իհարկե դրսեւորվում է հանրության շրջանակներում որոշակիտ արածում ունեցող խնդիրը, այն բարդույթը, որը դրսեւորվում է բողոքող էջմիածնեցիների ներկայիս վարքագծում, բայց հատուկ է թերեւս հանրային տարբեր այլ շերտերի:

Դա սեփական իշխանությունը չգիտակցելու բարդույթն է, որովհետեւ հակառակ դեպքում, երբ կա այդ գիտակցումը, չկա այդ իշխանությունը փողոց փակելով իրացնելուկարիք: Այդպես նվաճում կամ վերականգնում են չեղած իշխանությունը: Եղած իշխանությունը իրացնում են արդեն ստեղծարար մեթոդաբանությամբ:

Այստեղ անշուշտ կա լուրջ աշխատանքի անհրաժեշտություն եւ դա թե նոր իշխանության, թե նաեւ հանրային էլիտաների խնդիրն է, որպեսզի նրանք հանրությանը մատուցեն սեփական իշխանությունը ստեղծագործական ռեժիմում իրացնելու մեթոդական առաջարկներ:

lragir.am

(Visited 22 times, 1 visits today)