Նրանք, որոնք փորձում են անփորձությունը դարձնել քննադատության առարկա, առաջին հերթին դա ՀՀԿ կոչված ռեժիմն է, որ խեղդվելով ձեռքերը գցում է փրփրուրներից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը։

-Պարոն Մարգարյան, նոր խորհրդարանն արդեն ձևավորված է, պատգամավորներն օրերս ստացան իրենց մանդատները։ Ձեր կարծիքով՝ որո՞նք են լինելու նոր իշխանության առաջնահերթություններն առաջիկայում։

-Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս, քանի որ 2 տասնամյակից ավելի մեր երկիրը կանգնած էր կործանման շեմին նախորդ հանցավոր ռեժիմի «գործունեության» հետևանքով, ժողովրդի նկատմամբ ստեղծված ծայրաստիճան ծանր իրավիճակի պատճառով, ու հիմա ազատվեցինք այդ ռեժիմից։ Այդ կապակցությամբ ուզում եմ նոր երիտասարդ իշխանությանը գործադիր մարմնին, օրենսդիր մարմնի պատգամավորներին շնորհավորել, ցանկանալ հաջողություն։

Միանշանակ համոզված եմ, որ մեծ փորձ ունեցող մարդկանց օգնությամբ, որոնք աշխատել են երկրի զարգացման, հզորացման նպատակների համար, երիտասարդները շատ կարճ ժամանակում երկիրը դուրս կբերեն այս ճգնաժամային իրավիճակից։ Սա է իմ մոտեցումը նոր իշխանության մասին։

-Նոր իշխանությունն առավել հաճախ քննադատվում է պրոֆեսիոնալիզմի պակասի համար։ Ձեր կարծիքով՝ նոր ձևավորված խորհրդարանի կազմը հուսադրո՞ղ է։ Նշվում է, որ պրոֆեսիոնալիզմի պակաս կլինի նաև այսօր, որովհետև ԱԺ-ն համալրվել է անփորձ ու երիտասարդ մարդկանցով։ Դուք այս մտահոգությունները կիսո՞ւմ եք։

-Մտահոգությունները սուբյեկտիվ են, որովհետև իմ մոտեցումը հետևյալն է. ավելի լավ է լինել մի քիչ անփորձ, մաքուր և ոչ կոռումպացված, չլինել ավազակային խմբի անդամ, քան փորձված, կոռումպացված, երկիրը ծանր վիճակի հասցրած։ Չկա ոլորտ, որտեղ տեսանելի չլինեն թալանի չափերը, որի մասին ես, մեր հակակոռուպցիոն կազմակերպությունը, իմ ընկերները բարձրաձայնել ու դրա պայքարել ենք։

Մենք  նաև ցույց ենք տվել ավազակախմբի մեծածավալ թալանը և թույլ տված հանցագործությունները։ Այդ իրավիճակում, երբ իրենցից ազատվել ենք բոլորս՝ ժողովուրդը, երկիրը, ինչու չէ՝ համայն հայությունը, ուրեմն այստեղ քննադատել, թե գիտեք, նորերն անփորձ են և այլն, ճիշտ չէ։

Կարծում եմ՝ ամեն մի հայ մարդ՝ լինի նախկին  ապարատում աշխատած, խորհրդային ժամանակներում աշխատած, որը մաքուր է մնացել, ազնիվ է մնացել և պատրիոտն է երկրի, պետք է աշխատի ամեն ինչ անել, որ երիտասարդները, որոնք փորձի պակաս ունեն կամ կդիմեն իմ գործընկերներին, մեր սերնդի մարդկանց, յուրաքանչյուրը  պետք է պատրաստ լինի օգնելու։

Ես համոզված եմ, որ շատ արագ իրենք շատ արագ ձեռք կբերեն այդ փորձը։ Գիտելիքը կա, մաքրությունը կա, նվիրվածությունը կա, այս բոլորով հանդերձ շատ արագ կձևավորվի նոր գործադիր մարմին, պառլամենտ և այլն։ Ես դրանում համոզված եմ և երկրորդ կարծիք լինել չի կարող։ Նրանք, որոնք փորձում են անփորձությունը դարձնել քննադատության առարկա և այլն, առաջին հերթին դա ՀՀԿ կոչված ռեժիմն է, որ խեղդվելով ձեռքերը գցում է փրփրուրներից՝ երազելով նորից վերադառնալ իշխանության, և այն հանցավոր խմբավորումներն են, որոնք ստեղծվել էին և նպաստում էին կեղծված ընտրությունների, բռնի ուժի, վարչական լծակների օգտագործման միջոցով բռնազավթել իշխանությունը հատկապես վերջին 2 տասնամյակների ընթացքում։

Ես համոզված եմ, որ շատ կարճ ժամանակում ձեռք կբերեն փորձը, իսկ մեր կատեգորիայի մարդիկ պետք է յուրաքանչյուրը պատրաստ լինի օգնելու, հուշելու, ոչ թե կշտամբելու, խարազանելու, ասելու՝ անփորձ եք և այլն։ Համենայնդեպս ես իմ, իմ գործընկերների, մեր կուսակցության անունից կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք մեր գիտելիքների, փորձի իմացության չափով օգնել հզոր պետական համակարգի կայացմանը։

Похожее изображение

Իհարկե, այստեղ կա շատ կարևորագույն հարց, առկա մտահոգությունն ինձ թույլ է տալիս բացել ուրիշ ենթատեքստ՝ դատաիրավական համակարգը։ Մինչև Հայաստան երկրում չձևավորվի նոր, մաքուր, անկաշառ և ինքնուրույն դատական համակարգ, բոլոր գործողությունները, բոլոր ձգտումները, նպատակներն ու ծրագրերը կտապալվեն, որովհետև ինքնուրույն դատական համակարգն է, որ ապահովելու է կոռուպցիայի վերացումը, պետական համակարգի կողմից իր պարտականությունների անկաշառ իրագործմանը։ Այդ  պարագայում շատ կարճ ժամանակում, 2 տարում կունենանք լավագույն պետական համակարգը։

-Ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի գործով ընթացող դատական գործընթացները։ Մամուլը չի դադարում գրել, որ նրան նորից հնարավոր է ազատ արձակեն, դատավորն է ինքնաբացարկ հայտնում։ Սա համակարգի բացերի հետևա՞նք է։

-Մարդկային առումով ես ցավում եմ, որ ես, իմ գործընկերները վերջին երկու տասնամյակների ընթացքում բազմիցս փորձել ենք հուշել, խորհուրդ տալ, որ կանգ առնեն, երկիրը չտանեն հասցնեն կործանման շեմին։ Ցավում եմ, որ չլսեցին, որից հետ եղավ այն, ինչ եղավ, հայտնվեցին ճաղավանդակների հետևում։

Ես սրանով չեմ ուրախանում, ցավում եմ, որ նրանք չհասկացան, չլսեցին մեզ, իմ գործընկերներին և էլի շատ քաղաքական գործիչների և փորձ անգամ չարեցին ձերբազատվել այն ծանր վիճակից, որին իրենք կուլ գնացին հանուն շահի, հանուն փարիսեցիության։ Ինչ վերաբերում է նրա հնարավոր ազատվելուն, ես ծանոթ չեմ քրեական գործին և իրավունք էլ չունեմ։

Չմոռանանք, որ Հայաստանում դատական համակարգը ձևավորվել է հենց այդ ռեժիմի ժամանակ, և նրանք հիմա կաշկանդված են օրենքի շրջանակներում որոշումներ կայացնելու։ Մեկը ինքնաբացարկ է հայտարարում, մեկ ուրիշը ձգում է ռեժիմի կողմից ապօրինի ձևավորված քրեական գործեր, լինի Սասնա ծռերի գործը, կամ Նոր Մարաշ կոչված խմբի, որտեղ և հայտնվել եմ ես։ Այս բոլորը նախկին ռեժիմի կողմից արհեստականորեն ստեղծված «գործերն» են, որտեղ իրենք կաշկանդված են։

Հայտնվել են մի այնպիսի իրավիճակում, երբ քաղաքական որոշում կա բարձրագույն իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից, ով հայտարարել է, որ երկրում պետք է բացառել կոռուպցիան, և նրանք հասկանում են, որ հարվածի տակ են։ Եվ առաջին փորձի դեպքում շեղվել օրենքից ապօրինի, պատվերով որոշումներ կայացնել իրենց համար շատ ծանր հետևանք կունենա։ Կա մարտի մեկ, ծանրագույն հանցագործություն, տասը սպանություն, և դրանց հետ միասին տասնյակ վիրավորներ։

Դրա համար պետք է պատասխան տալ։ Ո՞վ պետք է պատասխան տա։ Եկեք դիմենք բարձրագույն օրենքներին, Սահմանադրությանը։ Ո՞վ էր երկրում գերագույն գլխավոր հրամանատարը, ով իրավունք ուներ զորքին, ուժային կառույցներին հրաման տալու, միայն նախագահը։ Նշանակում է, որ նա պետք է պատասխան տա և նրա հետ այն բոլոր նախկին չինովնիկները, ովքեր իրագործել են այդ չարագործությունը ազգի նկատմամբ։

Իսկ ինչ վերաբերում է դատավորներին, Նոր Մարաշի գործով արդեն չորրորդ տարին է դատավարություն է ընթանում, թող սթավեն նրանք և օբյեկտիվ որոշում կայացնեն։ Համենայն դեպս, գոնե հիմա պետք է լինել անաչառ և անկաշառ։

1in.am

(Visited 100 times, 1 visits today)