Հայաստանում այնքան վաղուց բարեփոխումներ չեն իրականացվել, որ եթե Հայկ Մարությանի տեղը պրոֆեսիոնալ ընտրված լիներ, ընթացիկ կառավարումը քիչ կլիներ

Մեր զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը

Պարոն Սաֆարյան, Նիկոլ Փաշինյանը նախօրեին այցելել է Երևանի քաղաքապետարան և մասնակցել ավագանու «Իմ քայլը» դաշինքի նիստին, նաև աղբահանության խնդիրն է  քննարկվել։ Փաշինյանը որպես վարչապետի պաշտոնակատար տարբեր ոլորտներ մտնելով ի՞նչ է փորձում ցույց տալ։ Տեսակետ կա, որ նա մենակ է այս բոլոր խնդիրների հետ։ Համակարծի՞ք եք։

Կարծում եմ՝ դա տեսակետ չի, այլ բացահայտ իրողություն։ Ձևավորված իշխանության մարմինները հաստատապես բարձր արդյունավետությամբ գործող չես համարի, և սեպտեմբերից ընտրված քաղաքային իշխանությունները, կարծում եմ՝ եթե պրոֆեսիոնալ կարողություններ ու գիտելիքներ ունեին քաղաքային կառավարման վերաբերյալ, ապա անցած ամիսները բավարար պետք է լինեին հավուր պատշաճի և աղբահանման, և մնացած հարցերի լուծման նախապատրաստվելու համար։

Մենք նախկինում միշտ հեգնում էինք, երբ ձյուն էր գալիս, ասում էինք՝ քաղաքապետարանի համար անակնկալ ձյուն եկավ։ Այսինքն՝ ակնհայտորեն քաղաքային կառավարման խնդիրները դեռևս այնքան ոչ պրոֆեսիոնալ մակարդակով են, որ մոտեցումները չեն փոխվել։ Հիշեք տոնածառի պատմությունը, երբ հարց ուղղվեց, թե ինչու մրցույթ չի հայտարարվել կամ ավելի էժան տարբերակ չի ընտրվել, պատասխան հնչեց, թե ժամանակը քիչ էր, և մենք դիմեցինք ուղիղ գնումների մեթոդի։

Այդուհանդերձ, դա խոշոր գնում էր։ Կամ աղբահանության հարցում քաղաքապետի պաշտոնական բացատրությունն էր, որ Ամանորին աղբը շատ է լինում, բնականաբար, աշխատանքի ծավալներն էլ շատ էին լինելու։ Փոխքաղաքապետն էլ հորդորում էր աղբի մասին չմտածել, այլ մտածել ավելի գլոբալ խնդիրների մասին՝ չիմանալով, որ գլոբալը դա մոլորակի խնդիրներն են, ոչ թե համաքաղաքային խնդիրները։

Ակնհայտ է, որ թերացումներ կան։ Նիկոլ Փաշինյանի մասնակցելը Երևանի ավագանու խմբակցության նիստին արտառոց փաստ է, որովհետև նախկինում վարչապետերից կամ երկրի ղեկավարներից որևէ մեկը դա չի արել։ Ինձ թվում է՝ Փաշինյանը գիտակցում է, որ հանրային դժգոհությունները մեծացել են, սպասումները շատ մեծ են, և տեսնելով, որ ամիսներ անց էլ ոչ արհեստավարժ աշխատաոճ և ոչ արհեստավարժ և ոչ համոզիչ բացատրություններ, նախընտրել է ինքը ներկա լինել իր ասելիքը փոխանցելու համար։

Բայց Նիկոլ Փաշինյանը չի կարող բոլորի փոխարեն աշխատել։ Անգամ փոքրիկ հիմնարկի պարագայում դու չես կարող քո բոլոր աշխատակիցների փոխարեն աշխատել, էլ ուր մնաց հսկայական պետական ապարատի դեպքում։ Եվ այս կտրվածքով, առաջին պահից իմ հուշումն է եղել, որ պետք է մտածել երկիրը պրոֆեսիոնալների միջոցով կառավարելու մասին, հատկապես երբ իշխանության իրավունքի խնդիրը լուծված է, քաղաքում իշխանությունը պատկանում է Իմ քայլը դաշինքին, ԱԺ-ում՝ նույնպես։

Եվ այս պարագայում մի փոքր տարակուսում եմ, թե ինչու պետք է խուսափել կուսակցությունից դուրս պրոֆեսիոնալ մարդկանց ներգրավելուց։ Նախկին իշխանությունները Հայաստանը հասցրել են այնպիսի վիճակի, որտեղ խնդիրների նույնիսկ լավագույն և օպերատիվ կառավարումը դեռևս քիչ է և անբավարար է լինելու։ Մենք իսկապես ճեղքման և առաջընթացի հրամայականի առաջ ենք կանգնած բոլոր ոլորտներում։

Եվ անգամ լավ և ընթացիկ կառավարումը դեռևս քիչէ  լինելու, որովհետև կուտակված խնդիրներն այնքան շատ են, Հայաստանում այնքան վաղուց բարեփոխումներ չեն իրականացվել, որ եթե նույնիսկ Հայկ Մարությանի տեղը պրոֆեսիոնալ ընտրված լիներ, միայն ընթացիկ կառավարումը քիչ կլիներ։

Ամանորի օրերին աղբահանության խնդիրը դարձյալ ակտուալ դարձավ։ Այս խնդրին է՞լ հնարավոր չեղավ վերջնական լուծում տալ։

Ես մեկ անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ պետական կառավարման համակարգը ուղղակի համալրված է նախկին իշխանություններին տարբեր ընտրություններին ծառայություններ մատուցած մարդկանցով, նրանց հարազատներով, ովքեր այս տարիների ընթացքում լավագույն դեպքում սովորել են, թե որ թուղթը որտեղից ուր պետք է տարվի։

Հետևելով քաղաքային իշխանության ձևավորման գործընթացին, որի վերին օղակում նշանակվեցին մարդիկ, ովքեր քաղաքային կառավարումից հեռու են և տեսնելով, որ նրանք պահեցին նաև նախկին համակարգի ներկայացուցիչներին որպես խորհրդատուներ կամ աշխատակիցներ, կամ անփորձ նոր նշանակումներ տարբեր ստորաբաժանումներում, ակնհայտ դարձրին մի բան, որ այսպես կոչված նախկինում աշխատած պրոֆեսիոնալները իրենք էլ ի վիճակի չեն լինելու անգամ լավագույն մղումներով օգնել քաղաք կառավարելուն։

Կրկնում եմ՝ քաղաքային կառավարումը շատ լուրջ մասնագիտություն է, որ մարդիկ սովորում են արտերկրում կամ որևէ այլ տեղ, և այս պարագայում պատկերացնել, որ ցանկացած մեկը, Լենինի ձևակերպած՝ Каждая кухарка должна научиться управлять государством, կներեք, դա չի լինելու, ցանկացած խոհարարուհի չի կարող ղեկավարել ոչ քաղաքապետարան, ոչ նախարարություն, ոչ էլ որևէ բան։

Եվ այս խնդրին շատ շուտ պետք է պատրաստվեին՝ աչքի տակ ունենալով այն մարդկանց, ովքեր կկարողանային այդ խնդիրը լուծել: Բայց ակնհայտ է, որ դժգոհությունները թե սոցիալական ցանցերում, թե ժողովրդի շրջանում բավականին բարձր էին, որովհետև անբացատրելի է, թե ինչու պետք է չկարողանալ նախապատրաստված լինել և հավելյալ միջոցներ ներգրավել այն դեպքում, երբ ամիսներ են անցել, և քաղաքապետարանը պետք է որ դրա մասին մտածած լիներ։

Գազի սակագնի շուրջ քննարկումները շարունակվում են։ Սահմանին գազի գնի թանկացումը արդյոք ներկա իշխանության պարտությո՞ւնն է։

Այստեղ շատ ծանր ժառանգություն կա։ Եվ այս հարցում ներկա իշխանություններին ամբողջությամբ մեղադրել չես կարող, որովհետև խաղի կանոնները, այն էլ ոչ հօգուտ Հայաստանի, շարադրված են այնպիսի պայմանագրերում, որոնք կնքել են նախկին իշխանությունները։ Եվ անգամ նախկին իշխանություններին էլ շատ բանում չես կարող մեղադրել, եթե գազը Ռուսաստանի համար ընդհանուր առմամբ եղել է ճնշման գործիք փոքր պետությունների նկատմամբ։

Նախկին իշխանություններին թերևս կարելի է մեղադրել, թե ինչու չդիվերսֆիկացրին էներգետիկ քաղաքականությունը, ինչու չփոխեցին Հայաստանի էներգետիկ համակարգի կառուցվածքը, ինչու այլընտրանքային աղբյուրները չզարգացրին, որոնք կարող էին կախվածությունը թուլացնել և հետևաբար, Հայաստանի նկատմամբ ճնշման դաշտը թուլացնել։ Կամ կարող են մեղադրել, թե ինչու հանուն իշխանության վերարտադրության գնացին լրացուցիչ պայմանագրեր կնքելուն։

Եվ այս կապակցությամբ, գազի գնի շուրջ Հայաստանի բանակցային ստրատեգիան շատ ավելի լայն խնդիր է, քան կարելի է պատկերացնել։ Այստեղ բաց է մնում մեկ հարց. արդյոք բանակցությունների ընթացքում դրվել է կամ դրվում է այն հարցը, որ, օրինակ, Հայաստանի կողմից Ռուսաստանի ներքին գներով գազի ձեռքբերման հարցը եղել է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության պայմաններից կամ պարտավորություններից մեկը, որի մասին Պուտինը դեկտեմբերի 2-ին Երևանում բաց հայտարարեց, որ Հայաստանին տրվում են այդ արտոնությունները այդ որոշման դիմաց։

Եվ եթե հիմա Հայաստանն իր այդ որոշումը չի վերանայել, այդ դեպքում ինչու են միջպետական քաղաքական պայմանավորվածությունը խախտվում Ռուսաստանի կողմից։ Կամ արդյոք փորձե՞լ են դնել խնդիր, թե Ռուսաստանում գազի գնագոյացման հարցը ինչպես է որոշվում, որքանով է դա արդար։

Խնդիրը քաղաքակա՞ն է։

Միշտ եղել է քաղաքական և այժմ էլ քաղաքական է։ Եվ այս առումով, որքան էլ վարչապետը չկապի քաղաքական խնդիրների հետ, մասնավորապես Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետ, միևնույն է, այդ խնդիրն ունի քաղաքական նշանակություն։ Եկեք հասկանանք, որ այդ խնդիրներն առաջ են եկել ռուս-բելառուսական, ռուս-ղազախական հարաբերություններում, և սա նշանակում է, որ գազի գնի խնդրով մենք ունենք երկրորդ ճնշման ալիքը։

Առաջին ճնշման ալիքը 2012-13թթ.-ին ենք տեսել, երբ ԵԱՏՄ անդամակցության հարցն էր դրված, և այժմ միութենական հանրապետության զրույցներ կան գոնե ռուս-բելառուսական առանցքով, և այժմ նույն ձևով գազային ճնշումը ի հայտ է եկել ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններում, այլ հենց ռուս-բելառուսական և ռուս-ղազախական հարաբերություններում։

lragir.am

(Visited 69 times, 1 visits today)