Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխարինելու միջնորդության քննարկումը հետաձգվել է:
Դատախազն ու քննիչը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավորին։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում փաստաբան Սեդա Սաֆարյանը նշեց, որ կրկին շրջանառության մեջ է դրվել Ռ. Քոչարյանի անձեռնմխելիության հարցը, որով փորձ է արվում փակել բոլոր այն ճանապարհները, որոնք վարույթն իրականացնող մարմնի համար քրեական հետապնդման հիմք են հանդիսացել:
«Բազմիցս անդրադարձել ենք անձեռնմխելիության հարցերին. անձեռնմխելիությունը վերաբերվել է նախագահի՝ Սահմանադրությամբ սահմանված գործառույթներին և այդ շրջանակում նրա գործողություններին, մինչդեռ Ռ. Քոչարյանի մեղադրանքը տրամաբանորեն հակառակի մասին է. նա իրականացրել է գործառույթ, որն օրենքով իրեն վերապահված չի եղել, ավելին՝ դատական համակարգը, ռազմական համակարգն ու զինվորականությանը, ոստիկանությանը, ներքին զորքերին ներգրավել է այդ ամենի մեջ:
Խոսք չի կարող լինել Ռ. Քոչարյանի անձեռնմխելիության մասին»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ անձեռնմխելիության ինստիտուտի տակ չի կարելի քողարկել հանցանք կատարած անձի մեղքը:
ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը հավելեց, որ Ռ. Քոչարյանն անտեսել է Սահմանադրությունը և օրենքները.
«Անձը, որն ի պաշտոնե պարտավոր էր պաշտպանել օրենքները, Սահմանադրության թիվ մեկ պահապանը լինել, տապալել է սահմանադրական կարգը, այդ պահից սկսած՝ վերանում է անձեռնմխելիությունը»:
Մեր զրուցակիցների դիտարկմամբ՝ Ռ. Քոչարյանը պետք է ճաղերի հետևում լինի, նրա մասին այլ որոշումն անընդունելի է:
Մանրամասն՝ տեսանյութում: