Որտե՞ղ է ճշմարտությունը, գուցե թե գիտե մի քանի մարդ․ ինչ կատարվեց 25 տարի առաջ

25 տարի առաջ՝ 1994 թվականի հունվարի 10-ին Ուկրաինայի իշխանությունը հայտարարեց միջուկային զինանոցից հրաժարվելու մասին: Դրանից մոտ 11 ամիս անց՝ դեկտեմբերի 5-ին ԵԱՀԿ Բուդապեշտի Վեհաժողովում ստորագրվեց դրա վերաբերյալ քառակողմ համաձայնագիրը, որը ստորագրեցին Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ ու Մեծ Բրիտանիան:

Похожее изображение

Դրանով անվտանգության երաշխիքներ էին տրվում Ուկրաինային, երեք երկրները հայտարարում էին Ուկրաինայի հանդեպ որեւէ սպառնալից, թշնամական քայլ չանելու, ընդհուպ այդպիսի որեւէ տնտեսական քայլ չանելու պարտավորության մասին:

Տարիներ անց Ուկրաինայի նախագահ Կուչման հիշել է, որ այդ Վեհաժողովի ժամանակ իրեն է մոտեցել Ֆրանսիայի նախագահ Միտերանն ու ասել՝ «մի հավատա այդ փաստաթղթին, տղաս, քեզ խաբելու են»:

Միջուկային զինանոցից հրաժարվելու մասին հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Կրավչուկը, պարզապես 1994-ի կեսից նախագահն արդեն Կուչման էր:

Խաբեցի՞ն Ուկրաինային, թե՞ ոչ: 1993-ից հետո աշխարհը շատ է փոխվել, այն էլ գուցե մի քանի փուլով: Ուկրաինայում մինչ այժմ կան քննարկումներ միջուկային զենքից հրաժարվելու առնչությամբ:

Ոմանք դա համարում են կոպիտ սխալ, ոմանք համարում են, որ հնարավոր չէր դիմանալ ԱՄՆ, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի ճնշմանը, որ ամերիկացիները՝ որոնց մտահոգում էր Ուկրաինայում ԽՍՀՄ-ից մնացած զինանոցը, ուղղակի սպառնում էին բաց տեքստով, որ մերժելու դեպքում սանկցիաներ կկիրառեն Կիեւի դեմ:

Картинки по запросу raket

Ոմանք համարում են, որ Ուկրաինան պարզապես չէր կարող պահել այդչափ զինանոց եւ դա կարող էր բերել աղետի, եթե հանկարծ լիներ որեւէ արտակարգ պատահար:

Որտե՞ղ է ճշմարտությունը, գուցե թե գիտե մի քանի մարդ:

Փաստ է այն, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներից քարը քարին չմնաց ընդամենը երկու տասնամյակ անց: Ներկայում այդ պետությունը փաստացի կիսվել է, Արեւելյան Ուկրաինայի շրջանները անջատվել են՝ ոչ առանց Ռուսաստանի օգնության, Ղրիմը կցվել է Ռուսաստանին:

Արդյոք իրադարձությունների զարգացումը այլ կլիներ, եթե Կիեւը չհրաժարվեր միջուկային զինանոցից: Հնարավոր է դիտարկել մի շարք սցենարներ, բայց դրանք բոլորը կլինեն տեսական, ի վերջո, հեշտ է գնահատել իրողությունները հետին թվով, անմիջականորեն չլինելով տվյալ պահին առկա բազմաթիվ մեծ ու փոքր ազդեցության գործոնների ճնշման եւ պատասխանատվության տակ:

Մի բան թերեւս աներկբա է, որ հաստատվում է ուկրաինական օրինակով՝ անվտանգության միջազգային երաշխիքներ հասկացությունը մի իրողություն է, որը կարող է գլխիվայր շրջվել ցանկացած պահի: Դրանից հետո կարելի է փնտրել ուղղակի եւ անուղղակի մեղավորների, բայց դա հազիվ թե շտկի իրավիճակն ու վերականգնի կորուստները:

Ըստ այդմ, եղած իրական որեւէ երաշխիք չի կարող փոխարինվել ապագայի թղթային երաշխավորությամբ, եւ անվտանգության հիմնական ռազմավարությունը, կամ ռազմավարության ու փիլիսոփայության հիմքը պետք է լինի իրական երաշխիքը պահելն ու նորերը դրան ավելացնելը:

Ինչ կստացվի գործնականում, դա այլ հարց է, ու դարձյալ կախված է արդեն տվյալ պահի, ժամանակի բազմաթիվ գործոններից, նաեւ իհարկե այդ թվում որոշումներ կայացնողների պատկերացումներից, մտածողությունից, աշխարհընկալումից:

Որովհետեւ, ի վերջո, այստեղ կա նաեւ մեկ այլ խնդիր, երբ մարդիկ պնդում են, թե հնարավոր չէ դիմադրել, երբ աշխարհի ուժեղները մի բան են ուզում: Այդ տրամաբանությամբ՝ պետք է ընդհանրապես չխոսել ինքնիշխանությունից ու անկախությունից, որովհետեւ ի վերջո ամեն ինչ էլ կստիպեն:

Իրականում, համաշխարհային քաղաքականությունը կառուցվում է ոչ թե քմահաճույքի, այլ շահերի համադրման տրամաբանությամբ, եւ այստեղ է, որ առանցքային նշանակություն ունի քաղաքականության ընկալումը:

Այդ ամենը խորհելու եւս մի առիթ է Հայաստանի եւ հայ հանրության համար, որը գործնականում նույնպես կանգնեցվել է անվտանգության իրական եւ միջազգային թղթային երաշխիքների մի «դիլեմայի» առաջ՝ արցախյան հարցում, համենայն դեպս ֆորմալ տեսանկյունից:

Похожее изображение

Ընդ որում, կանգնեցվել է թերեւս առաջին հերթին ոչ թե միջազգային հանրության պահանջի, այլ անցնող քառորդ դարի իր այսպես ասած «էլիտաների» մտածողության, պատկերացումների, արժեհամակարգի, աշխարհայացքի բերումով:

Պետք է դուրս գալ դրանից, հետո չքննարկելու համար՝ մեզ խաբեցի՞ն, թե՞ ոչ: Ոչ ոք մեզ չի խաբի, եթե չխաբենք ինքներս մեզ՝ հավատացնելով, թե արցախյան հարցի լուծման եւ խաղաղության բանալին անվտանգության մեր իրական երաշխիքների մի մասի զիջումն է թղթային երաշխիքների դիմաց, իսկ հակառակը՝ ռազմատենչություն կամ քաղաքական կարճատեսություն:

Այդ մտածողությունն օրինակ կարճացրեց Ուկրաինան: Կկարճացներ նաեւ մեզ, եթե երկու տարի առաջ չլիներ բանակի ու հանրության ջանքը, որով ծանր գնով ուղղվեց «էլիտաների» քառորդ դար շարունակ ծավալված սխալը, ցույց տալով, որ այդ սխալը ոչ մի կապ չուներ խաղաղության հետ:

Հայաստանը կանգնած է այդ սխալից դուրս գալու եւ անվտանգության իրական երաշխիքներն ամրացնելու անհրաժեշտության առաջ, որն իհարկե չի ենթադրում մեկ քայլ եւ վերջ: Այն լինելու է բավական ծանր եւ աշխատատար գործընթաց, բայց  խաղաղության եւ անվտանգության այլ ճանապարհ չկա:

lragir.am

(Visited 31 times, 1 visits today)