Դրա տարածման պատճառն այն է եղել, որ այդ շփումներն իրականացվել են բովանդակային լղոզվածության պայմաններում

Անկասկած է, որ քաղաքական նոր համակարգի ձևավորման համար Հայաստանից պահանջվելու են տարիներ և այստեղ սպասել արագ արդյունքի, մոլորություն է:

Նույնքան անկասկած է և այն, որ միայն քաղաքական արդիական համակարգն է օգնելու կապիտալիզացնել թավշյա հեղափոխությունը երկարաժամկետ առումով թե՛ ներքին, թե՛ արտաքին ոլորտում:

Այդ իմաստով, Հայաստանում կա, թերևս, մի տարածված առանձնահատկություն և չգրված, չբարձրաձայնված մի թյուրըմբռնում, երբ քաղաքական համակարգի ընդդիմադիր տիրույթը զբաղեցնող ուժերը իրենց գործունեության բովանդակությունն ու թիրախային ուղղությունները հիմնականում կենտրոնացնում են դեպի ներս, արտաքին քաղաքականության պարագայում իրենց վերապահելով գերազանցապես պասիվ դիրք, լավագույն դեպքում արձագանքելով տեղի ունեցողին և գնահատելով իշխանության այս կամ այն քայլը:

Ինչու, կամ ինչից է ձևավորվել այս չգրված ու չբարձրաձայնված, սակայն, կարծես թե, կանոն դարձած իրողությունը, հնարավոր է քննարկել, թեև հազիվ թե ունենա իմաստ:

Ի վերջո՝ անկասկած է, որ ինչպես առանց մրցակցության չի կարող արդյունավետ և դինամիկ զարգանալ ներքին քաղաքականությունը, նույն կերպ էլ առանց մրցակցության զարգանալ չի կարող արտաքին քաղաքականությունը:

Ընդ որում, այստեղ սովորաբար մրցակցություն ասվածը դիտարկվում է ուղղակի հայելային հակապատկերի ձևով, այսինքն՝ եթե իշխանությունը, այսպես ասած, ռուսամետ է, ընդդիմությունը պետք է արևմտամետ լինի, կամ հակառակը: Կամ բոլորովին այլ հայելապատկերային տրամաբանությամբ, սակայն անպայման հակառակության սկզբունքի վրա:

Իրականում դա թյուրիմացության բաղադրիչներից մեկն է: Դեռ մի կողմ թողնենք այն, որ Հայաստանի քաղաքական համակարգի, այսպես ասած, արտաքին մասնաբաժնում առկա մրցակցության արևմտամետ-ռուսամետ մոդելը ինքնին բավականին նեղ, պարզունակ ու սահմանափակ է ժամանակակից միջազգային իրողությունների և դինամիկ զարգացումների պայմաններում քաղաքական ճկունություն ապահովելու համար:

Դրանք Հայաստանում ենթադրում են նախաձեռնությունների ու գաղափարների բազմազանության վրա հիմնված մրցակցություն, ոչ թե մետությունների: Որովհետև, այդ գաղափարներն ու նախաձեռնությունները կարող են ենթադրել օրակարգային և ռազմավարական հարցեր, որոնք միտված են տարբեր բևեռների հետաքրքրությունների համադրման:

Ի վերջո, երբ աշխարհում ուժային կենտրոնների միջև հարաբերություններում գերակայում են հակադրությունները, փոքր խաղացողների համար դա իր ռիսկերին զուգահեռ բերում է նաև հնարավորություն, այդ թվում՝ կոնտակտային գոտիների կամ հարցերի պահանջարկի աճի տեսքով:

Ի վերջո` համաշխարհային քաղաքականությունը չի կարող լինել լիակատար «անշփում» (безконтакт) ռեժիմում: Ի դեպ, խիստ հատկանշական է, որ դրա վկայություններից մեկը, իսկ գուցե ինչ-որ իմաստով նաև բացառիկը կամ առնվազն առանձնահատուկը, անմիջականորեն Հայաստանին առնչվող հարց է՝ Արցախի հարցը:

Սա համաշխարհային քաղաքականության կոնտակտային պահանջարկի բավական արտահայտիչ դրսևորում է, թե ինչպես կարող են տարբեր հարցերում թեժ մրցակցության ու հակադրության, անգամ սառըպատերազմյան տրամաբանության մեջ գտնվող ուժային կենտրոնները աշխատել միմյանց հետ, ընդ որում՝ որոշակիորեն ինստիտուցիոնալացված տարբերակով, որպիսին է Մինսկի խմբի համանախագահությունը:

Այդպիսով, Հայաստանում քաղաքական համակարգի ընդդիմադիր թևում դիրքավորվող ուժերից արտաքին քաղաքականության բնագավառում մի կողմից պահանջվում է առավել մեծ ներգրավվածություն բովանդակային իմաստով, մյուս կողմից՝ այդ բովանդակության և ներգրավվածության առարկայական, ոչ թե հակապատկերային տարբերություն իշխանությունից:

Օրինակ՝ բովանդակությունը կարող է լինել նույն հայ-ռուսական կամ հայ-արևմտյան, կամ հայ-իրանական հարաբերության դաշտում, բայց չլինել իշխանության մոտեցումների հետ նույնական՝ միաժամանակ պարունակելով այնպիսի առարկայություն, որ ուշադրության կարժանանա թե՛ հանրության, թե՛ նաև արտաքին քաղաքական հասցեատեր գործընկերների շրջանում:

Հարցը խիստ կարևոր է նաև այդ տեսանկյունից, որպեսզի ընդդիմությունը կամ ընդդիմություններն էլ ըստ էության կարողանան իրենց լիազորությունների շրջանակում վարեն արտաքին քաղաքականություն՝ ոչ պակաս բովանդակային և առարկայական, որքան իշխանության պարագայում:

Դա թույլ կտա նաև հասարակության շրջանում կոտրել տարածված և քաղաքական համակարգի առողջության վրա ազդող ևս մի կարծրատիպ, երբ ընդդիմության արտաքին շփումները դիտարկվում են առավելապես «դավադրապաշտության» տրամաբանությամբ:

Դրա տարածման պատճառն այն է եղել, որ այդ շփումներն իրականացվել են բովանդակային լղոզվածության և դրա համար անպատասխանատվության պայմաններում, թույլ տալով հարցը շահարկել նաև իշխանությանը: Պետք է նոր քաղաքական համակարգի ձևավորման գործընթացն ապահովագրել այդօրինակ կարծրատիպերի «փոխանցումից»:

1in.am

(Visited 25 times, 1 visits today)