Գազի սակագինը մեզ մոտ միշտ քաղաքական հարց է եղել

«Գազի սակագինը մեզ մոտ միշտ քաղաքական հարց է եղել, ու, ցավոք, Ռուսաստանը միշտ օգտվել է դրանից:

Մի 10 տարի առաջ գազը սահմանին ավելի թանկ էր, բայց սպառողի մոտ սակագինը միշտ տատանվել է. 1000 խմ-ն 110-156 դրամի էր հասել, որը մի փոքր նվազեցրին՝  հասցնելով 139 դրամի:

Այս սակագինը դեռ մնում է: «Գազպրոմ Արմենիան» երևի ուղիներ կգտնի, որպեսզի չթանկանա գազը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Նա նշեց, որ չի թանկանում սպառողների համար, բայց, օրինակ, հարևան Վրաստանում բիզնես ոլորտում գործողները գազի օգտագործման համար ավելի թանկ գին են վճարում, քան սովորական սպառողը:

Համարում են, որ բիզնեսմենը շահույթ է հետապնդում:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ գազի գինը մնա նույնը, բայց պետությունն այդ գումարը գանձի, ասենք, թոշակների, նպաստների հաշվին, Կարեն Չիլինգարյանը պատասխանեց, որ մինչ օրս նման խոսակցություն չի եղել:

«Այս հարցերը պետք է կառավարությանը տալ: Հուսամ, որ նման բան չի լինի, հակառակ դեպքում սոցիալապես խոցելի խավն ավելի կտուժի»,- նկատեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ նախագահը:

Նշենք, որ «Գազպրոմ Արմենիայի» և ՀՀ կառավարության միջև հունվարի 8-ից մեկնարկել են բանակցություններ գազի սակագնի շուրջ և կավարտվեն այն ժամանակ, երբ հարցի արդյունավետ լուծման տարբերակ կգտնվի:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ռուսական գազը սահմանին թանկացավ՝ 150 դոլարից դառնալով 165 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց:

Ավելի վաղ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտարարել էր, որ գազի գնի սուբսիդավորման հարց չի քննարկվել և չի քննարկվում և դրա մասին ընդհանրապես խոսք չկա:

Նրա խոսքով՝ այդ 15 դոլարի տարբերությունը հատուցվելու է շնորհիվ «Գազպրոմ Արմենիայի» գործունեության արդյունավետության բարձրացման և ծախսերի կրճատման։

168.am

(Visited 13 times, 1 visits today)