Չի կարելի դրանով տպավորություն ստեղծել, թե ղարաբաղցիներին Հայաստանում ճնշում են…

Մեր զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը

Պարոն Նորիկյան, Դատավորների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում ստեղծված իրավիճակի, դատավորների նկատմամբ վերաբերմունքի կապակցությամբ: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը,  արդյոք դատավորների նկատմամբ անվստահությունը հիմքեր չունի:

Թույլ տվեք արձանագրել, որ որևէ ողջամիտ մարդու համար անթույլատրելի է որևէ անձի, որևէ քաղաքացու՝ անկախ նրանից, թե այդ անձն ինչ կարգավիճակ է զբաղեցնում, անձնական վիրավորանք հասցնելը, արժանապատվությունը, հեղինակությունը նվաստացնելը՝ լինի համացանցում, թե որևէ այլ տեղ:

Այս առումով, ես նույնպես դատապարտում եմ Հայաստանում ենթադրյալ նման որևէ դրսևորում: Դատավորների միության հայտարարությանը ծանոթ եմ մամուլից: Եթե դատավորների միությունը նման հայտարարություն է անում, ենթադրում եմ, որ դրա համար հիմքեր ունեն: Լավ կլիներ, եթե նրանք մատնացույց անեին և փորձեին առարկայական ներկայացնել իրենց նկատած այդ հանգամանքները:

Այդուհանդերձ, մի բան եկեք արձանագրենք, որ գործող Սահմանադրությամբ ՀՀ դատարանների ու դատավորների անկախությունը երաշխավորելու սահմանադրական լիազորությունը վերապահված է ՀՀ բարձրագույն դատական խորհրդին: Հենց այդ խորհուրդն է միակ բացառիկ պետական մարմինը, որն իր իրավասությունների շրջանակներում ապահովում է դատարանների ու դատավորների անկախությունը:

Այդ կառույցն, իսկապես, ունի անելիքներ՝ որևէ ոտնձգությունից զերծ պահելու դատական իշխանությունը, որը կնպաստի դատական իշխանության կայացմանը, արդարադատության իրականացման գործընթացի լիարժեք ապահովմանը:

Բնականաբար, պետք է խոստովանենք, որ դատարանների հեղինակության հետ կապված մենք խնդիր ունենք. հասարակության մեջ կա տոտալ անվստահություն դատական իշխանության նկատմամբ, և այդ անվստահությունն ունի լրջագույն հիմքեր:

Այսինքն Հայաստանում կան դատավորներ, որոնք ոչ միայն բարոյական իրավունք չունեն ոչ միայն դատարանի դահլիճ մտնելու, այլև առհասարակ արդարադատություն իրականացնելու: Բայց դրան զուգահեռ մենք ունենք բավական արժանիքներ ունեցող և բավական հեղինակավոր դատավորներ, որոնց տեսակարար կշիռը թեև նվազ է, բայց ես միակ ելքը նրանց մեջ եմ տեսնում, որ նրանք կարող են փրկել դատական իշխանության հեղինակությունը:

Այս 7-8 ամիսներին բազմիցս խոսվեց դատական իշխանության անկախության մասին, հիմա էլ նշվում է, որ թեև Հայաստանում լուրջ փոփոխություններ են կատարվել, բայց դատական իշխանությունը չի փոխվել, որ այստեղ էլ իշխանությունը պետք է կտրուկ ու լրջագույնս փոփոխություններ իրականացներ: Դուք կիսո՞ւմ եք այս կարծիքը:

Նախ՝ եկեք արձանագրենք, որ ամեն մի իշխանություն՝ գործադիր, օրենսդիր և դատական, հստակ պետք է տարանջատի իր գործառույթների շրջանակը: Ես դեմ եմ, որ գործադիր իշխանությունը որևէ ձևով ապօրինի միջամտություն ցուցաբերի դատական իշխանության նկատմամբ՝ անկախ նրանից, թե ով է գործադիր իշխանությունը:

Եթե այդ տխուր ավանդույթները շարունակվեն, և գործադիր իշխանությունը փորձի միջամտել դատական իշխանությանը, կամ որևէ այլ տեղից լինի ապօրինի միջամտություն, ուրեմն մենք ոչ մի բան էլ չենք փոխելու, շարունակելու ենք մնալ նույն վիճակում, ինչպես կանք:

Դատական իշխանությանը պետք է հանգիստ թողնել, պետք է հնարավորություն տալ նրան կայանալու, բայց միաժամանակ անհրաժեշտ են օրենսդրական այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան արմատախիլ անել այդ համակարգում գոյություն ունեցող տխրահռչակ բարքերը:

Ինքս համոզված եմ, որ ամբողջ իրավապահ համակարգում է անհրաժեշտ արմատական վերափոխումներ անել: Ինքս՝ որպես իրավաբան, ամեն օր բախվելով մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների հետ, տեսնում եմ, որ դատախազությունում ընդհանրապես պետք է արմատական փոփոխություն իրականացնել, մեզ նոր որակի ոստիկանություն է անհրաժեշտ, քրեակատարողական հիմնարկներն ընդհանրապես պետք է քանդել ու նորը կառուցել: Արդարադատության համակարգում կան ոլորտներ, որոնք կայացման կարիք ունեն, մասնավորապես, պրոբացիայի ինստիտուտը, և պետությունը պարտավոր է դրա կայացմանն ուղղված լրջագույն ու կոնկրետ քայլեր իրականացնել:

Դատական իշխանությունը, որպես առանձին համակարգ, ամենօրյա հաղորդակցման մեջ է իմ կողմից թվարկված բոլոր իրավապահ համակարգերի հետ: Այնպես չի լինելու, որ մեկն առաջ է գնալու, մյուսները հետ են մնալու: Զարգացումը պետք է դինամիկ լինի և սինխրոն: Հակառակ դեպքում, եթե մենք մի տեղ գնացինք առաջ, իսկ մյուսները հետ մնացին, մենք էլի տխուր իրավիճակի առջև ենք հայտնվելու:

Եթե շատ կարճ արձանագրենք, ամբողջ իրավապահ համակարգում անհրաժեշտ է իրականացնել այնպիսի արմատական քայլեր, որոնք հնարավորություն կտան հասարակությանը վերանայել դիրքորոշումը և վստահության մակարդակը բարձրացնել դատական իշխանության, ինչպես նաև իրավապահ համակարգի նկատմամբ:

Մամուլը գրում է, որ այսօր կարող է 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել Ռոբերտ Քոչարյանը: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, հավանակա՞ն եք համարում, որ նրան ազատ կարձակեն:

Ասում եք՝ մամուլը գրում է, որտեղի՞ց մամուլին այդպիսի տեղեկատվություն: Մենք մտնում ենք դատական իշխանության տիրույթ և փորձում ենք գուշակել, թե դատարանը կոնկրետ որքան գումարի դիմաց կարող է այդպիսի որոշում կայացնել: Ես կարծում եմ, որ «Մարտի 1»-ի գործի նկատմամբ մեծ անելիք ունեն գլխավոր դատախազությունը և ՀՔԾ-ն:

Մինչդատական վարույթում մշտապես լինելու են խափանման միջոցի կիրառման խնդիրներ, վեճեր: Ամենակարևոր հարցը, որի պատասխանը պետք է դատարանը տա, հետևյալն է՝ ազատության մեջ մնալու պայմաններում Քոչարյանը կարո՞ղ է դրսևորել պատշաճ վարքագիծ, թե ոչ:

Հաշվի առնելով Քոչարյանի ազդեցությունները, դիրքը, նախկինում ու ներկայում ունեցած հնարավորությունները՝ ես ինքս՝ որպես իրավաբան, որպես փաստաբան, կարծում եմ, որ Քոչարյանի ազատության մեջ մնալու պայմաններում հնարավոր է, որ նա ապօրինի ազդեցություն գործադրի այդ գործի նկատմամբ որևէ հեղաքրքրություն ներկայացնող սուբյեկտների նկատմամբ:

Բայց, բոլոր դեպքերում, դրա գնահատականը պետք է տա դատարանը: Հետևաբար, ես այս պահին ձեռնպահ եմ մնում որևէ կոնկրետ բան ասելուց: Դատարանը կհրապարակի իր որոշումը, մենք էլ հնարավորություն կունենանք գնահատելու:

Ինչո՞ւ եմ պնդում, որ դատախազությունն ու ՀՔԾ-ն անելիք ունեն այս գործում, որովհետև պետք է հնարավորինս արագ տեմպ հաղորդել այս գործին, որպեսզի հասարակության մեջ այսպիսի վայրիվերումներ տեղի չունենան, որպեսզի գործն ավարտեն ու շուտ ուղարկեն դատարան:

Եթե չեմ սխալվում, այդ գործը հարուցվել է հունիսին և արդեն բավական ժամանակ է անցել: Ես հասկանում եմ գործի բարդությունն ու ծավալը, բայց մենք պետք է նկատի ունենանք նաև հասարակական տրամադրություններն այն առումով, որ հասարակությունն ակնկալում է, որ այս գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտվի: Հասարակության համար կարևոր է բացահայտել այդ 10 սպանությունները, դրանց պատվիրատուներին, կազմակերպիչներին:

Շատ կարևոր դետալներ կան, որ պետք է իրականացնել գործի շրջանակներում: Այս գործի շրջանակներում միայն Ռոբերտ Քոչարյանը չէ, այս գործով շատ ազդեցիկ այլ մարդիկ էլ կան: Շատ կարևոր է, որ գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն պատասխանեն նաև այդ հարցերին:

Արցախի ԱԺ 3 խմբակցություններն անթույլատրելի են համարում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը և կոչ են անում ազատ արձակել նրան: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները:

Ես դրան շատ կոշտ կպատասխանեմ. Լինի Արկադի Ղուկասյան, թե  կլինեն պատգամավորական խմբակցություններ, ով ուզում է լինի, որևէ մեկն իրավունք չունի միջամտել դատական իշխանության գործառույթներին: Ճիշտ հակառակը, հեղափոխությունը նաև նրա համար եղավ, որ իրավապահ համակարգը փոխվի ու զբաղվի իր գործունեությամբ, իրավական գնահատական տալու գործով:

Չի կարելի հոգեբանական, բարոյական ճնշում գործադրել Հայաստանի դատական իշխանության վրա և փորձել դրանով տպավորություն ստեղծել, թե ղարաբաղցիներին Հայաստանում ճնշում են: Դրանք անթույլատրելի արձագանքներ են: Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ նախագահը, և նա քրեական հետապնդման է ենթարկվում ոչ թե որպես Արցախի առաջին նախագահ և ազգային հերոս, այլ քրեական հետապնդման է ենթարկվում Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում իրեն մեղսագրվող ենթադրյալ արարքները կատարելու համար:

Մենք պետք է հասունություն ցուցաբերենք, տուրք չտանք այդ բարձր մակարդակի սադրանքներին և ունենանք քաղաքական զսպվածություն, համեստություն: Ինքներս շատ լավ պատկերացնում ենք նախագահի կարգավիճակը և այդպիսի սրտաճմլիկ, պաթոսային ելույթներն իսկապես ազդում են դատական իշխանության բնականոն գործունեության վրա:

lragir.am

(Visited 46 times, 1 visits today)