Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ամբողջ իշխանության «շտապօգնության» դերում

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Երևանի քաղաքապետարան։ Առաջին հայացքից զուտ աշխատանքային թվացող այս իրադարձությունն իրականում խորքային դրդապատճառ ունի, եթե հաշվի առնենք հատկապես այն հանգամանքը, որ վերջին օրերին Հայկ Մարությանն ու նրա թիմը հայտնվել են արդարացի քննադատությունների թիրախում։

Похожее изображение

Սակայն խնդիրն ավելի գլոբալ է․ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում, ըստ էության, պարզվեց, որ Երևանը ֆունկցիոնալ առումով քաղաքային իշխանություն չունի։

Ավագանու վերջին նիստի ընթացքում «Լույս» խմբակցության ընդամենը երեք անդամներն իրենց սկզբունքային մոտեցումներով բացահայտեցին ավագանու մեծամասնության ու նրա ձևավորած քաղաքային իշխանության անկարողությունն ու դիլետանտիզմը։

Իսկ աղբահանության հետ կապված վերջին քննարկումներն ամբողջովին բացահայտեցին Հայկ Մարությանի թիմի անհամարժեքությունը։

Նման իրավիճակում Նիկոլ Փաշինյանն ըստ էության պարտադրված էր գնալ քաղաքապետարան։ Թեև իրավական առումով՝ Երևանի քաղաքապետարանն ընդամենը ՏԻՄ է, ու գործադիր իշխանությունը, ըստ էության, իրավունք չունի միջամտել նրա գործունեությանը, սակայն բոլորս ենք հիշում, թե ինչ մթնոլորտում անցան քաղաքային ընտրությունները։

Դեռ այն օրերին, բազմաթիվ հրապարակումներով մենք խոսել ենք այսօրվա ռիսկերի մասին։ Նիկոլ Փաշինյանն ընտրել էր քաղաքապետի խնդրահարույց թեկնածու, որը միանշանակ ընկալում չուներ նույնիսկ հեղափոխության թիմում, ավելին՝ քարոզարշավի դեռ մեկնարկում հանդես եկավ սկանդալային հայտարարությամբ, ինչի հետևանքով պրոբլեմներ ստեղծեց անգամ վարչապետի համար։

Թերևս դա էր պատճառը, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ողջ բեռը Նիկոլ Փաշինյանը վերցրեց իր վրա՝ ստվերում թողնելով թե՛ Հայկ Մարությանին ու թե՛ ավագանու թեկնածուներին։

Երևանցիները քաղաքապետ կամ ավագանի չեն ընտրել, քաղաքային ընտրությունները վերածվեցին Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվեի ու պատահական չէ, ու դրանց տպավորիչ արդյունքներից հետո հեղափոխության առաջնորդը հայտարարեց խորհրդարանական արտահերթ ընտրությունները շուտափույթ կազմակերպելու անհրաժեշտության մասին։

Похожее изображение

Բովանդակային հարթության վրա Երևանի գործող քաղաքապետն ու ավագանին կեղծ են, որովհետև մարդիկ ընտրել են Նիկոլ Փաշինյանին, ու նա քաղաքապետարան էր գնացել, որովհետև առանց իր մասնակցության քաղաքային իշխանությունն անզոր է լուծել որևէ գլոբալ խնդիր։

Կառավարման մոտավորապես նույն փիլիսոփայությունն էր Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, երբ Տարոն Մարգարյանն ոչ թե քաղաքապետ էր, այլ ընդամենը Սարգսյանի տեղապահ։

Նման իրավիճակներն ի վերջո հանգեցնում են պետական մարմիների և իշխանության ինստիտուտների դեգրադացիային։

Իրավիճակն իսկապես արտառոց է։ Ամեն օրը բացահայտում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի արդյունավետ համակարգ, նույնիսկ մոբիլ թիմ։ Վարչապետի նշանակած կադրերը գործում են նրա վարկանիշի ու հեղինակության հաշվին։

Նման իրավիճակում Նիկոլ Փաշինյանը չի կարող զբաղվել գլոբալ խնդիրներով ու հարկադրված է իր օրակարգում ունենալ Երևանի աղբահանության կամ Չարենցավանի դպրոցներից մեկի տնօրենի խնդիրները։

Картинки по запросу Փաշինյան հայկ մարության

Վաղը նույն իրավիճակն է լինելու խորհրդարանի պարագայում, որովհետև մարդիկ իրենց քվեն տվել են ոչ թե կոնկրետ պատգամավորների, այլ հենց Նիկոլ Փաշինյանին։

Իրավիճակի ողբերգականությունը դեռ խորությամբ չենք գիտակցում, որովհետև շատ բարձր է մնում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, սակայն այն վաղ թե ուշ անկում է ապրելու, ինչը բերելու է իշխանության տարբեր մարմինների ապալեգիտիմացմանը։

Իսկ առայժմ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ամբողջ իշխանության «շտապօգնության» դերում։

1in.am

(Visited 63 times, 1 visits today)