Միայն Նիկոլ Փաշինյանը կարող է դիմակայել Հայաստանի ամենավտանգավոր սպառնալիքին

Թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում հաստատվել է աննախադեպ լեգիտիմություն ունեցող իշխանություն, ինչն ամրագրվեց արդեն դեկտեմբերի 9-ի ընտրության արդյունքներով։ Այս արձանագրումն ընդունում են առանց բացառության բոլորը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։

Իրականում՝ ճշմարտացի լինելով հանդերձ, այդ նույն արձանագրումը այսբերգի երևացող հատվածն է միայն, և խնդիրը նաև առավել խորքային դիտարկման ու գնահատման կարիք ունի։

Հեղափոխությանը հաջորդած երկու՝ Երևանի ավագանու և ԱԺ ընտրություններում էլ հասարակությունն ընտրել է ոչ թե ինստիտուցիոնալ համակարգերի, քաղաքական թիմերի, այլ բացառապես մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանին։

Դրա ամենավառ վկայությունը նույն ավագանու ու Ազգային ժողովի՝ «Իմ քայլի» ցուցակների բովանդակությունն է. դրանցում ընդգրկված անունների ճնշող մեծամասնությունը հանրությանն անհայտ դեմքեր են։

Այսինքն՝ ընտրությունների արդյունքները լինելու էին միանգամայն նույնը, եթե Երևանի ավագանու ու պատգամավորական ցուցակներում Պողոսյան Պողոսի փոխարեն գրված լիներ Պետրոսյան Պետրոսի անունը։ Մարդիկ ընտրել են ոչ թե այդ ցուցակները, այլ, կրկնում ենք, դրանց ձայն են տվել բացառապես Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։

Եվ ուրեմն, ինչպես Երևանի ավագանու, այնպես էլ ԱԺ ընտրությունների արդյունքում արձանագրված աննախադեպ լեգիտիմությունն ու վստահությունը ոչ թե իշխող քաղաքական թիմինն է, այլ Նիկոլ Փաշինյանինը։

Դա նշանակում է, որ ընտրությունների արդյունքում գործնականում ունենք դե յուրե սուպերդեմոկրատական, դե ֆակտո՝ գրեթե միանձնյա իշխանություն։ Իսկ դա հղի է, եթե կարելի է այդպես անվանել, ժողովրդավարական ավտորիտարիզմի հաստատման լրջագույն վտանգով։

Այդ սպառնալիքն առկա է ինչպես իշխանության ներթիմային, ներխմբային հարթությունում, որտեղ Նիկոլ Փաշինյանը անառարկելի հեղինակություն ունի, այնպես էլ համակարգային, ինստիտուցիոնալ մակարդակում։

Ակնհայտ է, որ նորընտիր խորհրդարանը չի կարողանալու կատարել գործադիր իշխանության հակակշռի իր առաքելությունը, դա չեն կարողանալու կատարել իշխանության մյուս մարմիններն ու հանրային-քաղաքական համակարգի այլ սուբյեկտները՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ քաղաքացիական հասարակության շատ սեգմենտներ ուղղակի կամ անուղղակի սերտաճել են գործող իշխանությանը։

Արդյունքում ունենք մի իրավիճակ, որը ձևով գերժողովրդավարական է, բովանդակությամբ՝ գերմիանձնյա։ Դա լուրջ սպառնալիք է Հայաստանի համար, քանի որ այդ խնդրին չդիմակայելու պարագայում կարող է երկար ժամանակով հաստատվել դեմոկրատական ավտոկրատիա կամ ժողովրդավարական փաթեթավորմամբ միանձնյա իշխանություն։

Այդպիսին են եղել նաև Հայաստանի նախորդ իշխանությունները, որոնց պարագայում ամեն ինչ որոշում էր մեկ անձ։ Սակայն նախորդ իշխանությունները չեն ունեցել հանրային վստահություն ու բարձր լեգիտիմություն ունեցող առաջնորդներ, դրանք գոյատևել ու վերարտադրվել են կեղծված ընտրությունների, Սահմանադրության ու օրենքների ոտնահարման արդյունքում։

Նախորդ՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների դեպքում ֆորմալ ժողովրդավարական ինստիտուտներն ու կառուցակարգերը ընդամենը ցուցանակային նշանակություն են ունեցել արտաքին աշխարհի համար և բովանդակությամբ եղել են ամբողջությամբ հակադեմոկրատական։

Ինչ վերաբերում է նոր Հայաստանի նոր իշխանության պայմաններում այդ վտանգի առաջացմանը, ապա դրան կարող է դիմակայել միայն Նիկոլ Փաշինյանը՝ խթանելով նախ սեփական կուսակցության ներսում իրական ժողովրդավարությունը և իրեն շրջապատելով առնվազն իր հետ հավասար քաշային կատեգորիայում գտնվող անհատներով, որոնք կկարողանան չեզոքացնել միանձնյա որոշումների կայացման սպառնալիքը։

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ամեն ինչ անի իրական ընդդիմության կայացմանը չխոչընդոտելու, ընդդիմությանը գործուն վերահսկողական լծակներով օժտելու համար։ Մինչդեռ հենց այս օրերին մենք տեսնում ենք հակառակ պատկերը։

Երեկ, անդրադառնալով Ազգային ժողովի՝ ընդդիմությանը հասանելիք փոխնախագահի պաշտոնին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պետք է գործի այն սկզբունքը, որի համաձայն՝ այդ պաշտոնը կհատկացվի առավել թվով ձայներ ստացած ուժին։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ԱԺ փոխնախագահներից մեկը կլինի «Բարգավաճ Հայաստանից» և ոչ «Լուսավոր Հայաստանից»՝ այն դեպքում, երբ օրենքը նման իմպերատիվ պահանջ չի սահմանում։ Մինչդեռ ԲՀԿ-ն իրեն անգամ ֆորմալ առումով ընդդիմություն չի հայտարարել ու հազիվ թե հայտարարի ԱԺ անդրանիկ նիստում։

Ու ստացվում է, որ արդեն իսկ այս մի դրվագով Նիկոլ Փաշինյանը նախապատվությունը տալիս է ոչ թե իրական (հասկանալի է, որ «Լուսավոր Հայաստանը» չի լինելու արմատական ընդդիմություն, այդուհանդերձ դիրքավորվելու է հենց ընդդիմութան կարգավիճակում), այլ պսևդո ընդդիմությանը։ Ժամանակը ցույց կտա իհարկե՝ սա ընդամենը առանձին վերցրած հարցի նկատմա՞մբ մոտեցում է, թե՞ Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող ռազմավարություն։

Ակնհայտ է, սակայն, որ եթե Նիկոլ Փաշինյանը տրվի մենիշխանության գայթակղությանը, ապա գերժողովրդավարական ճանապարհով հաստատված իշխանությունը կարճ ժամանակ անց կարող է դառնալ գերավտորիտար՝ դրանից բխող բոլոր վտանգներով ու սպառնալիքներով։

Ի դեպ, աշխարհում կան նման՝ բացառապես մեկ անձի հեղինակության վրա հիմնված ժողովրդավարություններ ունեցող երկրների օրինակներ, ինչպես, ասենք, Ֆիլիպինները կամ Մյանմարը, որոնք համապատասխանաբար 2016 և 2017 թվականներին Financial Times-ի կողմից ճանաչվել են որպես տարվա երկրներ։

Ինչ զարգացումներ տեղի ունեցան այդ պետություններում՝ հիշում ենք բոլորս։ Առաջինը, սակայն, դրա մասին պետք է հիշեն գործող իշխանությունները և առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանը։

1in.am

(Visited 142 times, 1 visits today)