Զատուլինին մտահոգում է իր անվտանգությունը. Ռուսաստանում «էլիտայի» փոփոխությունն անխուսափելի է

«Իմ կարծիքով, իրադարձությունների այդպիսի զարգացումը ուղիղ հակասելու է ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի պարտավորություններին:

Պարտավորություններին, որոնց Մոսկվան պատասխանում է բավական արտոնյալ պայմաններով ռազմական տեխնիկայի մատակարարումով», Արմինֆոյին ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, որը նոյեմբերի 30-ին Ռոբերտ Քոչարյանի բարձր մասնակցությամբ Երեւանում կատարեց իր Լազարեւյան ակումբի բացումը:

Այդ ակումբը ձեւակերպված է իբրեւ հայ-ռուսական հարաբերությանը նոր շունչ հաղորդելու միջոց, բայց առաջին իսկ նիստը եւ ակումբի ֆորմալ հիմնադրի մեկնաբանությունները հուշում են, որ իրականում խնդիրը բոլորովին այլ է՝ թույլ չտալ հայ-ռուսական հարաբերության վերափոխում, որը համաշխարհային միջավայրի եւ իրավիճակի առավել լայն վերափոխման անխուսափելի մաս է եւ պայմանավորված լինելով մի շարք արդիական խնդիրներով, նաեւ բացելու է միջազգային մի շարք արդիական խնդիրների լուծման հնարավորություն:

Ընդ որում, առաջին մասով այդ պրոցեսը գործնականում արդեն ստացել է իր դրսեւորումը՝ Հայաստանում թավշյա, անարյուն հեղափոխությամբ, որը գործնականում դրել է Հայաստանում նոր քաղաքական միջավայրի եւ նոր քաղաքական դասի, նոր էլիտաների ձեւավորման հիմնաքարը, բացել դաշտը այդ գործընթացի համար:

Հաջորդիվ հերթը Ռուսաստանինն է, գործնականում ամբողջական եվրասիական արեալով:

Այստեղ անշուշտ իրավիճակն ու լուծումները այլ են լինելու, սակայն անխուսափելի՝ թե ինքնապահպանման, թե համաշխարհային զարգացման տրամաբանության բերումով, որը ենթադրելու է համաշխարհային քաղաքականության եւ անվտանգության համակարգի շրջանակում ռեգիոնալ նոր տանդեմի ձեւավորում՝ Հայաստան-Ռուսաստան, ինչի միջոցով միայն Ռուսաստանը կարող է վերադառնալ միջազգային հարաբերությունների եւ անվտանգության համակարգի լեգիտիմ բաժնետիրոջ կարգավիճակ, դուրս գալով թուրք սուլթանի սիրուհու կարգավիճակից, որն արդեն առնվազն հեռուստասերիալի տեսքով հայտնվել է ռուսական Առաջին ալիքի եթերում, հավանաբար ռուսաստանցիներին այդ կարգավիճակին արվեստի միջոցով վարժեցնելու համար:

Ինչի՞ն կվարժվեն ռուսաստանցիները: Այդ տեսանկյունից խիստ հատկանշական է, որ ռուսական մեդիայի հայտնի սուբյեկտներից մեկի՝ Վեդոմոստիի ընթերցողները 2018-ի տարվա անհատ էին ճանաչել Նիկոլ Փաշինյանին: Դա ցուցիչ է, թե ինչին ավելի շուտ կվարժվեն ռուսաստանցիները, կամ ինչին չեն վարժվի ըստ էության:

Ռուսաստանցիների եւ Ռուսաստանի ներկայիս տնտեսա-քաղաքական այսպես ասած գերակա իսթեբլիշմենտի միջեւ տարածությունն ավելի է մեծանալու: Իհարկե, մի կողմից հարց է, թե ինչով կլցվի այն, ով կլցնի:

Համենայն դեպս այժմ դա լցվում է ինչ որ մեկի սրտի սուլթանով, գուցե նաեւ Կոնստանտին Զատուլինի, այլապես նա պետք է որ հենց դրա առիթով հայտներ անհանգստություն իր պետության եւ ՀԱՊԿ անվտանգության համար, ոչ թե Հայաստանին արված սպառազինության առաջարկի, որ հնչեցրել էր Ջոն Բոլթոնը ռեգիոնալ այցի շրջանակում:

Որովհետեւ Ջոն Բոլթոնն այդ առաջարկը հնչեցրել էր Մոսկվայից ռեգիոն ժամանելուց հետո, այնտեղ թերեւս հասկանալով, որ եթե սուլթանը գրավել է ռուսների սիրտը՝ առնվազն Առաջին համապետական ալիքի մակարդակում, ուրեմն հաջորդը գրավելու է Կովկասը:

Իսկ դա պահել հնարավոր է միայն Հայաստանի միջոցով, եւ Բոլթոնը գործնականում հայտարարել է այս մասին, քանի որ Եվրատլանտյան անվտանգության համակարգի համար սուլթանական Կովկասը իհարկե վախճան չէ՝ ինչպես Ռուսաստանի դեպքում, բայց մարտահրավեր է եւ բավական լուրջ:

Բայց սրտի սուլթանը, այն էլ համապետական առաջին ալիքով, Զատուլինի համար վտանգ չէ, իսկ ահա Հայաստանի անվտանգության համար հղված հաղորդագրությունը՝ վտանգ:

Ադրբեջանին միլիարդավոր դոլարների մահաբեր սպառազինություն վաճառելն ու Արցախի դեմ ապրիլյան քառօրյան համատեղ նախապատրաստելը Հայաստանի հանդեպ ՀԱՊԿ պարտավորությունների խախտման հարց չէ, իսկ ահա Հայաստանին հղվող ամերիկյան քաղաքական հաղորդագրությունը՝ ՀԱՊԿ հանդեպ Հայաստանի պարտավորության հարց:

Տարօրինակ պատկերացումներ ունի Կոնստանտին «Լազարեւիչը» Հայաստանի անվտանգության, ՀԱՊԿ պարտավորությունների հարաբերակցության մասին:

Համենայն դեպս, նա լռում եւ արտահայտվում է տարօրինակ զիգզագով, որտեղ Հայաստանի անվտանգությանն առնչվող հատվածներում զիգազգը ներքեւ է, իսկ Հայաստանի անվտանգությունից հեռու՝ վերեւ:

Մյուս կողմից, Զատուլինին մտահոգում է իհարկե իր անվտանգությունը, որովհետեւ Ռուսաստանում «էլիտայի» փոփոխությունն անխուսափելի է, եւ ավելին՝ այնտեղ արդեն հին էլիտային չի մնացել կառչելու որեւէ բան, անգամ Պուտինը՝ նա ինքն է ամերիկացիների հետ երկար ժամանակ քննարկում էլիտայի փոփոխության հարցը: Մնացել է կառչել Հայաստանից՝ կամ դա է միայն եկամտաբերը, կամ ակամայից՝ ինչպես Բալագանովը:

lragir.am

(Visited 68 times, 1 visits today)