Եկել է ժամանակը, որ գեղեցիկ խոսքերով իրար չխաբենք, և հատկապես ժողովրդին չխաբենք. Հայաստանը օտար երկիր չէ, Հայաստանը մեր հայրենիքն է

Մեր զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը

Похожее изображение

Պարոն Սասունյան, Սփյուռքի նախարարի պաշտոնակատարն ասել է, որ հնարավոր է նախարարությունը ոչ թե լուծարվի, այլ միանա այլ նախարարության: Այս դեպքում, ձեր կարծիքով, մտահոգությունները մնո՞ւմ են, թե կարելի է խնդիրը համարվել լուծված:

Գլխավոր հարցը նախարարության կառույցը չէ: Անշուշտ, Սփյուռքն այնքան կարևոր է, որ յուրահատուկ նախարարություն է պետք՝ Սփյուռքի բազմապիսի հարցերով զբաղվելու: Որևէ գրասենյակ կամ գերատեսչություն կամ ինչ-որ պաշտոնյա չի կարող անել այն հսկայական աշխատանքը, որ այսօր 90 պաշտոնյա անում են:

Այսինքն՝ հարցը կառույցը չէ, այլ այն, որ պետք է սկսենք մեր գերնպատակներից, թե ինչ ենք ուզում իրագործել Սփյուռքի նախարարության միջոցով: Նախ նպատակները պետք է ճշտենք, որից հետո նայենք, թե ինչ միջոցներ ու ռեսուրսներ ունենք, և որ կառույցը լավագույնս կարող է այդ նպատակներն իրագործել: Այսինքն՝ պետք է նախ սկսել նպատակներից, ապա գալ կառույցին:

Այսքան տարին բավարար չէ՞ր այդ նպատակները հասկանալու, ճշգրտելու և իրագործելու համար:

Հարցը տեղին է, բայց եկել է նոր իշխանություն, նոր ղեկավարներ, որոնք ունեն իրենց յուրահատուկ գաղափարները, ծրագրերը: Զարմանալի է, որ իշխանությունները մինչև այսօր կոնկրետ չեն հայտարարում, թե ինչ են ուզում անել և որն է պատճառը, որ ուզում են փոփոխություն անել:

Картинки по запросу Հարութ Սասունյան

Եթե նախարարությունը պետք է փակվի, ինչո՞ւ փակվի, եթե նախարարությունը պետք է վերածվի ուրիշ մի գերատեսչության, ինչու պետք է դա արվի: Իրենք ինչ առաջարկ ունեն, որ ավելի լավը լինի, իսկ ավելի լավի համար ծրագիր, ուղղություն ու նպատակ է պետք: Մինչև հիմա ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել: Եթե ուզում են փոխել կառավարումը, ես դեմ չեմ:

Նախկին նախարարությունը թե դրական քայլեր էր արել, թե բացթողումներ ուներ: Ես դեմ չեմ, որ նստենք, խոսենք՝ ինչպես անենք, ավելի լավը անենք, ինչ կառույց ունենանք: Բայց մինչ օրս որևէ հայտարարություն չանել, որևէ նպատակ չդնել, պարզապես ասել նախարարությունը փակել կամ չփակել, այլ նախարարության միացնել կամ չմիացնել, նման խոսակցությունը որևէ տեղ մեզ չի տանելու:

Եթե Սփյուռքի նախարարությունը լուծարվի, դա լուրջ հարվա՞ծ կլինի Հայաստան-Սփյուռք հարաբերություններին:

Պատասխանը «այո» է երկու պատճառով: Նախ՝ Սփյուռքի նախարարությունը կարևոր կամուրջ է Հայաստանի և Սփյուռքի միջև, հատկապես այս կառավարության օրոք, որը այսքան շատ խոսում է Սփյուռքի կարևորության մասին: Հակասական է, որ այն մարդիկ, որոնք խոսում են Սփյուռքի կարևորության մասին, ուզում են փակել նախարարությունը:

Երկրորդ պատճառն այն է, որ վերջին 2 շաբաթներին Սփյուռքում տարբեր կազմակերպությունները, անհատներ քննադատական հայտարարություններ են արել, որ դեմ են նախարարության փակմանը: Դա շատ վատ անդրադարձ է ունեցել Սփյուռքի կազմակերպությունների ու անհատների վրա: Այդ վատ անդրադարձը կունենա իր հետևանքը Սփյուռքում հայրենիքի նկատմամբ սիրո վրա:

Картинки по запросу Հարութ Սասունյան

Ըստ Ձեզ՝ ո՞րը կլինի լավագույն լուծումը։

Լավագույն լուծումն այն է, որ այն, ինչ ուզում է անել կառավարությունը Սփյուռքի նախարարության հետ, նախքան որևէ բան անելը պետք է նստի, խորհրդակցի Սփյուռքի կարևոր անհատների, կազմակերպությունների ղեկավարների հետ և տեսնի, թե ինչ պահանջներ ունի Սփյուռքը, իրենք ինչպե՞ս են պատկերացնում կապը Հայաստանի և Սփյուռքի միջև։

Որքան էլ հայաստանցի որևէ պաշտոնյա մտածի, որ ինքը Սփյուռքը հասկանում է, իրականում այդպես չէ, չի հասկանում։ Ոչ ոք Հայաստանում չի հասկանում Սփյուռքը։ Սփյուռքը բազմաշերտ և լայնատարածք միավոր է, որ անգամ Սփյուռքում շատ ապրողներ չեն հասկանում ամբողջ Սփյուռքը, որովհետև Սփյուռք չկա, սփյուռքներ կան, որոնք շատ հաճախ իրար հետ կապ չունեն, իրար չեն հասկանում։

Դրա համար պետք է մեծ խորհրդակցություն կազմակերպեն, հրավիրեն տարբեր երկրներից մարդկանց, որովհետև ամեն մեկն իր տեսակետն ունի, ու հարցնեն, թե որոնք են նրանց ցանկությունները, նպատակները, իղձերը։ Այդ ամենը սեղանի վրա դնելուց հետո պետք է մտածեն, թե ինչպես կարելի է այդ նպատակներն իրագործել, որ կառույցն է լավագույնը։

Արդյոք Սփյուռքի նախարարը պետք է սփյուռքահայ լինի, թե հայաստանցի լինի։ Այնպիսի մարդ պետք է ոլորտը ղեկավարի, որ թե Սփյուռքն է լավ ճանաչում, թե Հայաստանը։ Այդպիսի հայեր աշխարհում շատ չկան։ Կան սփյուռքահայեր, որ Սփյուռքը լավ գիտեն, և կան հայաստանցիներ, որ Հայաստանը լավ գիտեն։ Բայց այս պաշտոնը բացառիկ է և պետք է կամուրջ լինի Հայաստանի ու Սփյուռքի միջև։

Իսկ կամուրջ լինելու համար պետք է երկուսն էլ լավ հասկանաս։ Եթե չհասկանաս, չես կարող մեկի ասածը մյուսին բացատրել։ Սա երկու տարբեր օտար լեզուներ թարգմանելու պես մի բան է։ Դժբախտաբար, Հայաստանի ղեկավարությունը, թե ներկայի, թե նախկին երեք նախագահների ժամանակ, Սփյուռքը չեն հասկացել։

Իրենք միայն առնչվում էին Սփյուռքից եկող որոշ մեծահարուստների կամ որոշ կազմակերպությունների ղեկավարների հետ, և իրենք մտածել են, որ եթե իրենք շփվում են այդ մարդկանց հետ, ուրեմն լավ ծանոթ են Սփյուռքին։ Բայց այդ մեծահարուստներն ու կազմակերպությունների ղեկավարները, որոնք գալիս էին Սփյուռքից, Սփյուռքի նույնիսկ 5 տոկոսը չէին ներկայացնում։

Մինչդեռ մենք 100 տոկոսը ճանաչելու անհրաժեշտությունն ունենք։ Մենք պետք է գոնե 30-40-50 տոկոսի կարիքները հոգանք և նրանց հայրենիքին կապենք։ Այն 5 տոկոսը, որ գալիս է Հայաստան ու կապ ունի Հայաստանի հետ, նրանց հետ հեշտ է, բայց մենք կարիք ունենք, որ մնացյալ 95 տոկոսը հայրենիքի հետ կապ հաստատեն։

Ես մի զարմանալի բան ասեմ. Հայաստանի անկախության 30 տարվանից հետո Սփյուռքում կան բազմահազար մարդիկ, որոնք նույնիսկ չեն իմացել, որ գոյություն ունի անկախ Հայաստան։ Այդքան հայությունից հեռացած հայեր կան Սփյուռքում։ Այդ մարդկանց ինչպե՞ս պետք է օգտագործես, որ հայրենիքին օգտակար լինեն, եթե անգամ չեն լսել, որ հայրենիք գոյություն ունի։

ՀՀ իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ այդ 5 տոկոսը դառնա 10, 20, 50, 70 տոկոս, որպեսզի ամեն մարդ իր կարողության համաձայն ներդրում անի Հայաստանում. լինի նյութական ներդրում, թե սոցիալական, թե քաղաքական, թե մշակութային, թե գիտական և այլն։ Պետք է ներգրավել նրանց Հայաստանի աշխատանքներում, հրավիրել Հայաստան։ Արդեն քանի տարի գոյություն ունի երկքաղաքացիության հնարավորություն, բայց շատ քիչ սփյուռքահայեր են երկքաղաքացի։

Ինչու ոչ նախկին, ոչ ներկա իշխանությունը ջանք չի թափում, որ առնվազն 1-2 մլն սփյուռքահայեր երկքաղաքացի դառնան։ Թող հեշտացնեն այդ գործընթացը, բոլոր դեսպաններին կարգադրեն, որ իրենց երկրների հայությանը արձանագրեն որպես երկքաղաքացի։ Ես գրեթե չեմ լսել, որ որևէ երկրում ՀՀ դեսպանը տեղի հայության հետ խոսի երկքաղաքացիության մասին, հրավիրի հայկական անձնագիր տանալու։

Բայց նշվում է, որ այս փոփոխություններից հետո  Հայաստանի ու Սփյուռքի միջև սահմանը վերացել է։

Դրանք պարզապես խոսքեր են։ Մենք շատ ենք սիրում խոսել, մեր ժողովուրդը խոսելու մեծ վարպետ է, բայց երբ հերթը հասնում է գործին, ոչ մեկը չկա մեջտեղում։ Եկել է ժամանակը, որ գեղեցիկ խոսքերով իրար չխաբենք, և հատկապես ժողովրդին չխաբենք։ Մենք պետք է աշխատենք, արդյունք ցույց տանք ու եթե մի լավ գործ անենք, այդ գործն ինքն իր մասին կխոսի, էլ կարիք չի լինի, որ մենք խոսենք։ Մենք խոսում ենք, որ Սփյուռքի ու Հայաստանի միջև սահման չկա, մենք մեկ ժողովուրդ ենք։

Похожее изображение

Գեղեցիկ բառեր են, երկար տարիներ նաև լսել ենք, որ չպետք է արտագաղթ լինի։ Բոլորս էլ համաձայն ենք, որ արտագաղթ չլինի, բայց տարեցտարի ընդլայնվում էր արտագաղթը։ Այսինքն՝ այդ խոսքը ոչ մի արժեք չունի։ Եթե որևէ մեկն ուզում էր օգտակար բան ասել, պետք է մատնանշեր, թե ինչպես դադարեցնենք արտագաղթը, ճամփան ցույց տար, մի բան կազմակերպեր, որը կնվազեցներ արտագաղթը։ Ասում են՝ գործազրկությունը պետք է նվազի, ժողովուրդը պետք է աշխատանք ունենա։

Շատ բարի, ո՞վ չգիտի, որ ժողովուրդը պետք է աշխատանք ունենա։ Բայց ինչ առաջարկ ունեք, որ ժողովուրդն աշխատանք ունենա։ Պարզապես ասել, որ արտագաղթ չպետք է լինի, բոլորը պետք է աշխատանք ունենան, հայրենասեր լինեն, շատ գեղեցիկ կարգախոսներ են։ Բայց մենք այսքան տարի հոգնել ենք այդ լոզունգներից։

Ժամանակն է, որ գործնական ծրագրեր իրականացնենք, միավորվենք ու մտածենք, թե ինչ անենք, որ թե գործազրկությունը վերանա, թե արտագաղթը։ ՀՀ իշխանություններն ասում են, որ Սփյուռքը շատ կարևոր է Հայաստանի համար, և երկրորդ քայլին որոշում են փակել Սփյուռքի նախարարությունը, սրանք իրար հակասող բաներ են։

Եթե Սփյուռքը կարևոր է, ապա ոչ թե պետք է փակենք նախարարությունը, այլ ավելի պետք է հզորանա, ավելի արդյունավետ դառնա, ավելի շատ ռեսուրսներ պետք է դրվեն այդտեղ, սփյուռքահայության ավելի մեծ իրավունքներ պետք է տալ Հայաստանում։ Որպեսզի սփյուռքահայը Հայաստան չգա որպես տուրիստ, ինչպես գնում է Ֆրանսիա, Գերմանիա և այլն։

Հայաստանը օտար երկիր չէ, Հայաստանը մեր հայրենիքն է։ Երբ սփյուռքահայը գալիս է Հայաստան, պետք է զգա, որ իր տուն է գալիս, նրան պետք է տան իրավունքներ՝ սկսած ընտրություններին մասնակցելուց, բարձր պաշտոններից, մինչև խորհրդակցություններ։ Այդ ժամանակ գործնական կդառնա Հայաստանի ու Սփյուռքի կապը։

lragir.am

(Visited 65 times, 1 visits today)