Ու՞մ է շահավետ Հայաստանում միգրանտների, ուսանողների դեմ այս աղմուկը՝ թավշյա հեղափոխությունից հետո․ Նոր հիշեցի՞ք․․․

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միայն հայ ժողովրդի պատմությունը ընտրողաբար ֆետիշացմամբ սեփական հայրենասեռվածությանը հագուրդ տվողներին մի քանի հարց.

երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք, որ Հայկական պետություններն իրենց ծաղկուն և զարգացող ժամանակահատվածներում միաժամանակ եղել են առավել բացը, գրավիչը հարևան պետությունների, հեռավոր պետությունների համար, ամենատարբեր պետությունների, ազգությունների հետ մշակութային, տնտեսական, քաղաքական համագործակցության համար, գոնե Մովսես Խորենացու պատմությունից հասկացե՞լ եք, որ հայ իշխանական տներն ունեցել են տարբեր ազգային ծագումներ, եթե այդքան հպարտանում եք Տիգրան Մեծի աշխարհակալության ժամանակահատվածում Մեծ Հայքի հզորությամբ, ապա գոնե գիտե՞ք, որ առնվազն 100 հազար հրեաներ բռնի տեղափոխվել են պետության տարածք, Տիգրան Մեծը ազգի գենոֆոնդի մասին չէր մտածում, Դու՞ք որոշեցիք մտածել, իսկ գիտե՞ք, որ հայկական քաղաքակրթության զարգացման կասեցման, սառեցման մեջ, որի մասին նշում է նաև Առնոլդ Թոյնբին, մեծ դեր է ունեցել այսպես կոչված մեկուսացվածությունը համաշխարհային քաղաքակրթական զարգացումներից, շփումներից, հաղորդակցություններից, գոնե տեղյա՞կ եք թեկուզ հենց Հնդկաստանում հայկական գաղութների պատմությունից, Հնդկաստանի, նաև հայակական քաղաքական, մշակույթային, տնտեսական բնագավառներում հայկական գաղութներ ունեցած մասնակցության և դերի մասին, ի վերջո, ամենատարբեր պատճառներով, հիմնականում ցեղասպանության պատճառով տարբեր պետություններում հանգրվանած հայերի տեղավորման, տնավորման, ներգրավման մասին գոնե տեղյակ ե՞ք, լավ եթե Ձեզ նման կերպ վերաբերվեն այս վերջին երեսուն տարիների ընթացքում այլ պետություններում, ապա ի՞նչ գնահատական կտայիք այդ պետություններին….

Հայաստանի Հանրապետությունում այլազգի քաղաքացիների, միգրանտների, ուսանողների դեմ չգիտես որտեղից ծագած այս խայտառակ և ամոթալի նախաձեռնության հեղինակները կաʹմ իրապես տարրական իմացություն չունեն սեփական պատմության մասին, կամ թքած ունեն թեʹ պատմության, թեʹ մարդկանց, թեʹ պետության վրա, կաʹմ գիտակցված են նման սադրանքը կազմակերպում, որն անչափ վնասում է մեր զարգացմանը:

Իսկ հարց, ու՞մ է շահավետ Հայաստանում այլազգի քաղաքացիների, միգրանտների, ուսանողների դեմ այս աղմուկը՝ թավշյա հեղափոխությունից հետո:

Նոր հիշեցի՞ք, կամ նոր եկա՞ն, մինչև հիմա չէիք տեսնու՞մ:

Եվ մեր՝ հայաստանյան համատեսքտում այս աղմուկը կարող է ունենալ մեկ նպատակ ունի, շեղել հանրային ուշադրությունը մեր ներքին ժողովրդավարական, իրավական, սոցիալական, ինքնիշխան զարգացումներից…

Շատ է հիշեցնում եվրոպական տարբեր պետություններում միգրանտների թեման շահարկելու միջոցով անկայունություն հրահրելու փորձեր կատարողների ձեռագրին:

Այլատյացության հրահրումը հասարակական պառակտումներին տանող ուղիղ ճանապարհ է, և համոզված եմ, հայաստանյան հասարակությունը տուրք չի տա նման հիմար սադրանքերին…

Մերժում ենք այլատյացություն սերմանող նախաձեռնություններն ու ստորագրահավաքը»:

mamul.am

(Visited 161 times, 1 visits today)