Հայերը Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում և Ռուսաստանում ապագա չունեն․ պետության ռազմավարությունը պետք է լինի նրանց հայրենադարձությունը

Հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի ռեստորաններից մեկում տեղի ունեցած սպանությունը, որի առթիվ հարուցված քրեական գործով երեք հայ է անցնում, երկրի ազգայնական հայացքներ ունեցող բնակիչների շրջանում արդեն մի քանի օր է՝ հուզումների տեղիք է տվել: 23-ամյա երիտասարդի սպանությունից հետո սոցցանցերում հայերի նկատմամբ հաշվեհարդարի կոչեր են հնչում:

Փորձագետների կարծիքով՝ հայերի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքը, որը մարդկային կորստով ավարտված սովորական կենցաղային վեճ էր, լուրջ խնդիրներ կարող է առաջացնել ոչ միայն Ղազախստանում ապրող ու աշխատող հայերի համար, այլ նաև հայ-ղազախական հարաբերությունների համատեքստում։

Թեմային արդեն արձագանքել է Հայաստանի արտգործնախարարությունը։ Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կոչ է արել պատասխանատվություն ցուցաբերել այս շատ զգայուն հարցի շուրջ հայտարարություններում և չտրվել պոպուլիզմի և սադրանքների գայթակղությանը: «Սա գերզգայուն հարց է, որին ազգամիջյան երանգ տալու բոլոր փորձերը դատապարտելի և անհանդուրժելի են»,- նշել է Քոչարյանը։

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ առաջնային է տարանջատել, թե ով է խնդրին հաղորդում ազգամիջյան բնույթ: «Դա հայկական կողմը, հայկական համայնքը չէ, դա նույնիսկ Ղազախստանի իշխանությունները չեն, ոչ էլ Ղազախստանի հասարակության ամենաճնշող մեծամասնությունը։ Ազգամիջյան երանգ ամենասկզբից հաղորդեցին ռուսական «սպուտնիկները» և որոշ ադրբեջանական շրջանակներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանի դիտարկմամբ՝ ամենամեծ լուման ունեն «տարբեր սպուտնիկները» և ցանցային սադրիչները, որոնք սերում են հյուսիսային երկրից. «Նրան ձայնակցում էին ղազախական ցանցային տարածքի որոշ կասկածելի դեմքեր՝ առանց նկարի. դա ինքնաբուխ չէր։ Միայն Ադրբեջանի անունը տալը և չխոսելը Ռուսաստանի մասին, որը հարյուր անգամ ավելի մեծ լումա ունի այս սադրանքի մեջ, քան Ադրբեջանը, կա՛մ ինքնախաբեություն է, կա՛մ ստորություն հայ հասարակության նկատմամբ»։

Փորձագետը նշում է՝ թե՛ պաշտոնական Երևանը և թե՛ պաշտոնական Աստանան, չնայած այս տոնական օրերին, անում են առավելագույնը, որպեսզի տեղի ունեցածը օրենքի սահմաններում մնա. «Պետք է նաև արժանին մատուցել Աստանային, որ միանգամից սթափություն դրսևորեց, հետո նաև ինչ-որ տեղ կոշտություն, որ որոշ տաքգլուխներ չփորձեն իրավիճակն ապակայունացնել»։

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ հայերը Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում և առաջին հերթին Ռուսաստանում ապագա չունեն, և պետության ռազմավարությունը պետք է լինի նրանց հայրենադարձությունը. «Երկրորդ՝ երբ մեր իշխանությունները հայտարարում են հայրենադարձությունը որպես ռազմավարական առաջնահերթություն, ապա պարզ պետք է լինի, որ հայրենադարձության աղբյուրը պետք է լինեն միայն իմ նշած տարածաշրջանները։

Բնականաբար, Միացյալ Նահանգներից մենք հայրենադարձություն չպետք է սպասենք, համենայնդեպս՝ հրեական հայրենադարձության փորձը դա է ցույց տալիս։ Այո՛, այդ ցածր քաղաքական մշակույթով երկրները, նաև երկրները, որոնց ապագան անորոշ է, հասարակական հարաբերությունները ժողովրդավարական չեն, չեն համապատասխանում 21-րդ դարին՝ այստեղ որևէ հայ համայնք որևէ բանից ապահովագրված չէ, և որևէ հավելյալ արժեք, լավ բիզնես չի կարող արդարացնել նրանց այնտեղ մնալը»,- եզրափակեց նա։

Քաղաքագետ Նարեկ Մինասյանի կարծիքով՝ ինչպես և ընդգծված է Շավարշ Քոչարյանի հայտարարության մեջ, միջադեպը զուտ կենցաղային բնույթ ունի, և չկա որևէ ազգամիջյան երանգ:

«Սակայն նկատելի է նաև, որ երրորդ ուժերի կողմից փորձ է արվում միջադեպին տալ ազգամիջյան աստառ, ինչն անընդունելի է ոչ միայն հայկական կողմի, այլև Ղազախստանի իշխանությունների համար։ Տարիներ շարունակ Ղազախստանի իշխանությունները վարել են քաղաքականություն, որն ուղղված էր ազգամիջյան համերաշխության մթնոլորտի ձևավորմանն ու ամրապնդմանը։

Պաշտոնական Աստանային ևս ձեռնտու չէ նման միջադեպերին ազգամիջյան բնույթ հաղորդելը, քանի որ Ղազախստանը բազմաէթնիկ պետություն է, և նման միջադեպերը կարող են դոմինոյի էֆեկտ ունենալ և հետագայում այլ միջադեպերի առաջացման հիմք դառնալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մինասյանի դիտարկմամբ՝ Շավարշ Քոչարյանի հայտարարության այն շեշտադրումը, որ հայկական կողմը բավական ակտիվ համագործակցում է Ղազախստանի գործընկերների հետ, վկայում է երկկողմ շահագրգռվածության մասին՝ բացառելու ազգամիջյան երանգը. «Ինչ վերաբերում է հարցին, թե ով կարող է շահագրգռված լինել դրան ազգամիջյան երանգ հաղորդելուն, թերևս կարող ենք առանձնացնել մի քանի շերտ։

Առաջին հերթին Ղազախստանի ներսում առկա տարբեր ազգայնական ուժերն են, որոնք իշխանությունների դեմ պայքարին հաղորդում են ազգայնական երանգներ, չեմ բացառում, որ այս միջադեպը ևս կարող է օգտագործվել սեփական քաղաքական ծրագրերի համար։

Միևնույն ժամանակ չի բացառվում նաև թյուրքական տարրի գործոնը՝ մասնավորապես ադրբեջանական և թուրքական որոշակի շրջանակների ներգրավվածությունը, որոնք փորձում են ազգային երանգներ հաղորդել, Աստանայի և Երևանի հարաբերություններում լարվածություն մեծացնել, տեղում լարել վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ»։

Մեր զրուցակիցը նշում է՝ հայկական համայնքն ունի բավականին հին պատմություն, մեծ դերակատարություն Ղազախստանի հասարակական և բիզնես կյանքում. «Հետևաբար ո՛չ ղազախական, ո՛չ հայկական կողմին ձեռնտու չէ նման երանգավորումը»։

Ըստ նրա՝ դա ձեռնտու չէ նաև ռուսական կողմին. «Քանի որ ամենամեծ ազգային փոքրամասնությունը հենց ռուսներն են Ղազախստանում, հետևաբար եթե իրադարձությունները զարգանան այն տրամաբանությամբ, որ յուրաքանչյուր միջադեպին հաղորդվի ազգամիջյան երանգավորում, հետագայում այդ նույն երանգավորումը կարող է կիրառվել իրենց նկատմամբ։ Դա կնմանվի վառոդով լի տակառի, ինչը ձեռնտու չէ Մոսկվային»։

1in.am

(Visited 51 times, 1 visits today)