Ժամանակն է պարզելու, թե ովքեր են փորձում Արցախը ներքաշել իրենց կեղտոտ խաղերում. Հայաստանում իշխանությունը կորցնելուց հետո ԼՂՀ-ն մնացել է ոմանց վերջին «միջնաբերդը»

Երեկ համացանցում լուրեր էին տարածվել, թե Արցախում ծեծի են ենթարկել համասեռական ֆրանսահայ Ջեյմ Մարկոսյանին: Ավելի ուշ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը համոզիչ կերպով ներկայացրել էր, որ նման բան չի եղել:

Սակայն պաշտոնական հերքման էֆեկտը բավականին թույլ էր, որովհետև ակնհայտ կեղծիքն արդեն տիրաժավորվել էր ու ակտիվորեն քննարկվում էր ոչ միայն սոցիալական ցանցերում, այլ նաև մի քանի կայքերում։

Картинки по запросу արցախ

«Տպավորություն ունեմ, որ ոմանք Արցախի շուրջը բացասական ընկալումներ են ձևավորում նպատակային կերպով, և դա արվում է կեղծ էջերի միջոցով: Այնպես որ, արժե զգույշ լինել և չհավատալ չստուգված տեղեկություններին»,- իր ֆեյսբուքյան էջում եզրակացրել է Բեգլարյանը:

Տվյալ պարագայում այս մտահոգությունը միանգամայն տեղին է՝ մի քանի առումով։

Նախ՝ տեսանելի է «հմուտ» ձեռագիր, որը փորձել է Արցախի հեղինակությունը կասկածի տակ դնել միջազգային շրջանակներում, ու կասկածից վեր է, որ այս կեղծ տեղեկատվությունը շուտով դառնալու է ադրբեջանական քարոզչության սիրված թեմաներից մեկը՝ աշխարհին ցույց տալու համար, թե ԼՂՀ-ում ինչպիսի անմխիթար վիճակ է տիրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Սակայն խնդիրը դիտարկելի է ավելի լայն համատեքստում, որովհետև վերջին շրջանում Արցախը բազմաշերտ հարթակներում ներկայացվում է որպես դավադրության օջախ, որը հակադրվում է հեղափոխական Հայաստանին, ու նման անբարենպաստ համատեքստի ձևավորմանը նպաստում են Հայաստանի հին համակարգի ներկայացուցիչներն ու Արցախի էլիտայի այն հատվածը, որը սերտորեն կապված է քրեաօլիգարխիայի հետ։

Այլ խոսքով՝ Արցախը թիրախավորում են ոչ միայն միջազգային հանրության, այլ նաև Հայաստանի հասարակության աչքերում։

Օրինակ՝ կադրային փոփոխություններ են կատարվում Արցախի ՊԲ-ում, նորանշանակ հրամանատարները նույնպես մարդիկ են, որոնք ուղղակի մասնակցություն ու մեծ ներդրում են ունեցել Արցախյան պատերազմում, սակայն հայկական մեդիամիջավայրում հայտնվում է կեղծ, արհեստական մի թեզ, թե իբր Նիկոլ Փաշինյանը բանակից հեռացնում է հայրենասեր գեներալների ԼՂ հարցում զիջումների գնալու համար։

Պարզ է, որ նման բան գոյություն չունի, սակայն նման լուրերով լուրջ հոգեբանական պատ է ձևավորվում Հայաստանի ու Արցախի հասարակությունների միջև, էլ չենք ասում այն մասին, որ ԼՂՀ-ում առաջանում են անվստահության, անորոշության որոշակի տրամադրություններ։

Կամ՝ բոլորի համար ակնհայտ է, որ հատկապես Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Բակո Սահակյանի իշխանությունը, մեղմ ասած, չի ներկայացնում արցախահայության հիմնական հատվածին, ու եթե Հայաստանի իշխանությունը Ստեփանակերտում չի խրախուսում ֆորս-մաժորային զարգացումներ, ապա միայն այն գիտակցությամբ, որ առաջնագծում անթույլատրելի են հեղափոխական էքսպերիմենտները։

Картинки по запросу արցախ

Սակայն Երևանում նկատվող ողջախոհությունը շատ հաճախ բացակայում է Արցախում, ինչի վկայությունն է անցած տարեվերջին Արցախի խորհրդարանի հիմնական երեք խմբակցությունների հայտարարությունը, որով ըստ էության պահանջվում էր ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։

Ակնհայտ է, որ այս տեքստը Արցախի խորհրդարանին հրամցվել է Հայաստանի նախկին համակարգի ներկայացուցիչների կողմից, ու նույնքան ակնհայտ է, որ ԼՂՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունը որևէ առնչություն չունի արցախահայության քաղաքական, հասարակական տրամադրությունների հետ, մյուս կողմից՝ Ստեփանակերտից հնչող նման ուղերձները Արցախի հանդեպ որոշակի բացասական նստվածք են առաջացնում Հայաստանի հանրային գիտակցության մեջ։

Հիշատակված սադրանքները ու նաև երեկվա ապատեղեկատվությունը կազմակերպվում են որոշակի նպատակներով, ու դա գնալով ակնհայտ է դառնում։ Այս համատեքստում միանգամայն բնական ու արդարացված ենք համարում հայտնի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի երեկվա նախաձեռնությունը։

Իշխանյանը ֆեյսբուքյան գրառումով դիմել է ԱԱԾ-ին. «Այսօր համացանցից տեղեկացա, որ Արցախում դաժան ծեծի է ենթարկվել ֆրանսահայ միասեռական։ Լուրը շատ տխրեցրեց, հիշեցի Շուռնուխի դեպքն ու մտածում էի, թե ինչպիսի, ամենավատ իմաստով, պահպանողական հասարակություն ունենք։

Սակայն քիչ առաջ կարդացի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի կողմից տարածված, լուրը քարը քարի վրա չթողնող, միանգամայն համոզիչ հերքումը։ Եվ պատկերացրեք, հերքումն ինձ ավելի մտահոգեց։

Արդ, ո՞վ կամ ովքե՞ր են այս կարգի վտանգավոր ապատեղեկատվության հեղինակները։ Ի՞նչ նպատակ է հետապնդում այսպիսի լուրերով Արցախը միջազգային ասպարեզում վարկաբեկելը…

Անկեղծ կուզենամ, որ սույն ապատեղեկատվության մեջ որևէ միտում չլինի։ Հուսով եմ, որ մեր փառապանծ ԱԱԾ-ն կարճ ժամանակում կբացահայտի ապատեղեկատվության հեղինակներին»։

Գուցե իսկապես ժամանակն է պարզելու, թե ովքեր են փորձում Արցախը ներքաշել իրենց կեղտոտ խաղերում։ Թերևս Հայաստանում իշխանությունը կորցնելուց հետո ԼՂՀ-ն մնացել է ոմանց վերջին «միջնաբերդը»։

1in.am

(Visited 71 times, 1 visits today)