Այս իրողությունը վարկաբեկում է Հայաստանին միջազգային հանրության աչքում․ ռուսական ճնշումները Հայաստանի վրա իրականացվում են արդեն ձևավորված 3 տարողունակ ուղեգծերով

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է 1990-1999թթՀՀ ԳԽ և ԱԺպատգամավոր, 1992-1997թթՀՀ Մաքսային վարչության պետԵրջանիկ Աբգարյանը։

 Պարոն Աբգարյան, ի՞նչ հիմնական փոփոխություններ բերեց 2018 թվականը։

– Նախ՝ հանուն ղարաբաղյան կլանի իշխանության պահպանման՝ երկրի անցումը խորհրդարանական համակարգի նշանավորվեց նրանով, որ փաստորեն փոս փորվեց այդ կլանի իշխանության ոտքերի տակ: Եվ փոս փորողը՝ Սերժիկ Սարգսյանը, ինքն առաջինն ընկավ այդ փոսի մեջ:

Նրա քաղաքական կարճատեսությունը՝ կառչելը բարձրագույն աթոռին, իրեն փոխարինող չպատրաստելը և չըմբռնելը համարյա 30-ամյա ռազմաքաղաքական իրադրության տարրական պարտադրանքը՝ նախքան խաղաղության հասնելն ունենալ իշխանական կենտրոնացված և ուղղաձիգ նախագահական համակարգ, կործանիչ դեր ունեցան և՛ իր, և՛ ղարաբաղյան կլանի իշխանության համար: 

Այս կապակցությամբ տեղին է մեջբերել ռուս գողականների ասացվածքը. «жадность губит фрайера»: Նրա կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, իր ողորմելի բարքով, չնայած իր տարաբնույթ մեծ կարողություններին, անկարող եղավ լուրջ դիմադրություն ցույց տալ նոր իշխանությանը:   

Երկրորդ՝ իրականացվեց անարյուն ժողովրդական  հեղափոխություն, կատարվեց վարչապետի փոփոխություն, և իշխանության կարևոր որոշ լծակներն անցան վարչապետի կողմնակիցների ձեռքը: Այնուամենայնիվ այդ կառավարության կազմը դարձավ խայտաբղետ: Պետական բյուրոկրատիան անբավարար փոփոխություններ կրեց:

Գունափոխված հին, ինչպես նաև նոր կադրերը ինքնուրույն պետական մտածողություն  չունեն և այլն, որի հետևանքով տեղերում առաջացող մանր ու զգայուն խլրտումների շտապ լուծումները  շատ դեպքերում ստիպված է իր վրա վերցնել վարչապետը:

Առ այսօր իրենց զգացնել են տալիս  բացահայտ և քողարկված սաբոտաժները: Հեղափոխական իշխանության ամենաձախողված ոլորտը արդարադատությունն է, որտեղ Սահմանադրական դատարանից մինչև առաջին ատյանի դատարանները և ԴԱՀԿ ծառայությունը հիմնականում մնացել են նույնը: Վերջին ավելի քան 8 ամիսների ընթացքում հեղափոխության շարունակական բնույթը ձախողեց երկրի օրենսդրության կարևորագույն փոփոխությունների ընդունումը:

Փաստորեն այդ ընթացքում հեղափոխության ամենահիմնական նվաճումը եղան դեկտեմբերյան ընտրությունները, որոնց տված մանդատը ազատ է արձակել երկրի օրենսդիր և գործադիր մարմինների ձեռքերը՝ անցնել արմատական փոփոխությունների՝ ի շահ ժողովրդի:

– Նոր տարին արտաքին քաղաքական ի՞նչ մարտահրավերներով ենքսկսում։

– Արտաքին հիմնական մարտահրավերները մնացել են նույնը՝ կողմնորոշումային քաղաքականությունը, հայ-ադրբեջանական հակամարտությունը, պետական անվտանգության անվստահելի կոնցեպտը, ադրբեջանական կողմի հետ սպառազինության մրցավազքում որոշակիորեն հետ մնալը, իրավահավասար հարաբերություններով ուղղորդվող վստահելի արտաքին դաշնակցի բացակայությունը:

Դրանց միացել են երկրում շեշտակիորեն ընդլայնվող արտաքին  վտանգավոր պարտավորությունները և արտաքնապես վատ շպարված ռուսական անեքսիայի զգայուն տարրերը: Արտաքին հարաբերություններում,  ինչպես նախկինում, նկատելի չէ հայկական դիվանագիտական միտքը: Ս

ովորական է դարձել, երբ միջազգային ատյաններում հայկական կողմի ներկայացուցիչները դեմ կամ կողմ են քվեարկում այնպիսի բանաձևերի, որոնք չեն առնչվում ՀՀ շահերին և, մեծ հաշվով, դեմ են դրանց, որովհետև ծառայում են հիմնականում օտար երկրի՝ ՌԴ շահերին: Այս իրողությունը վարկաբեկում է Հայաստանին միջազգային հանրության աչքում:

–Եթե նախկինում ՌԴ–ի հետ ունեինք փաստացի վասալայինհարաբերություններ, այսօր, նոր իշխանությունների գործոնովպայմանավորված,
 ավելի շատ խորը կասկածանքներիհարաբերություններ են։ 
Ի՞նչ է պետք անել հարաբերություններըկարգավորելու ուղղությամբ։

–  Դժբախտաբար, Ձեր նշած վասալային հարաբերությունները դեռևս շարունակվում են: Ամեն անգամ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ նիստերի ժամանակ ստորագրվում են մեծ թվով փաստաթղթեր, որոնց պարունակությունը հիմնականում անհայտ է մնում հայ հասարակությանը: Եվ այդ կազմակերպություններում արդեն որոշակիորեն ուրվագծված ընթացք ունի  Հայաստանի մեկուսացվածությունը:

Այդ առումով հատկանշական են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ծավալվող իրադարձությունները, երբ այդ կազմակերպության անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները միավորվել են Հայաստանին վաղաժամկետ զրկելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր ներկայացուցիչ նշանակելու իրավունքից:

Ներկայումս ռուսական ճնշումները  Հայաստանի վրա իրականացվում են արդեն ձևավորված 3 տարողունակ ուղեգծերով. ա) երկկողմ հարաբերությունների ուղեգծով՝ Հայաստանում ռուսական ռազմաքաղաքական և տնտեսական ազդեցության ընդլայնվող  ոլորտներով, բ) ԵԱՏՄ-ի ուղեգծով՝ նվազեցնելով կամ դադարեցնելով Հայաստանի տնտեսական առնչությունները Ռուսաստանի  բարյացակամությունը չվայելող երկրների հետ,  պարտադրելով ԵԱՏՄ մյուս երկրների համեմատ առավել զարգացած  հայաստանյան արտաքին առևտրի կանոնակարգերը փոխարինել ԵԱՏՄ-ում հաստատված ռուսական խճճված, խրթին, բարդ ու հետամնաց մաքսային օրենսդրությունով: գ) ՀԱՊԿ-ի ուղեգծով՝ հնարավորինս  ընդլայնելով ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում: Այս ուղեգծի գլխավոր նպատակն է վերահսկողություն հաստատել Հայաստանի ազգային բանակի վրա:

Այդ նպատակն է հետապնդում Հայաստանում համատեղ զորամիավորում ստեղծելը 4-րդ բանակային կորպուսի կազմում՝ իբր «պաշտպանելու» համար նախիջևանյան սահմանը: Ինչևէ, միայն կույրը չի նկատի, որ Ռուսաստանը մեր երկրի ներսում և շուրջը հյուսում է թշնամական ոստայն:  Սույն հարցի վերջին ենթահարցը՝ հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման մասին, շատ տարողունակ է և առանձին հարցազրույցի նյութ է:

– Հայաստանում ունենք մի իրավիճակերբ իշխանությունըկատարյալ լեգիտիմէ։ Ի՞նչն է խանգարում կարգավորելու ներքին ևարտաքին խնդիրները։

– Այո, Հայաստանի նոր իշխանությունը ներկայումս առավել քան բավարար օրինակարգություն ունի: Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նա միայն դեկտեմբերի 9-ից հետո երկրում ստացավ ձեռքերի ամբողջական ազատություն: Երկրի ներքին և արտաքին բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներն ակնհայտ են:

Կարծում եմ, որ ներկայումս պետք է  առաջնահերթություն տալ ներքին խնդիրներից կարևորագույնին՝ Հայաստանի մարդկային ռեսուրսի շեշտակի մեծացմանը: Դա հնարավոր է իրականացնել մեր երկրի տնտեսության արագացող  զարգացմամբ՝ տարեկան նվազագույնը ոչ պակաս 8  տոկոսից, աշխատատեղերի արագ ու կտրուկ մեծացմամբ, ծնելիության մեծացման շահագրգռումներով, ռուսական գյուղական շրջաններից, հատկապես Կրասնոդարի երկրամասում գյուղատնտեսությամբ զբաղվող հայերին վերադարձնելով  և անմշակ հողատարածություններ տրամադրելով, ժամանակավոր օգնություն ու արտոնություններ տալով և, ընդհանրապես, ոչ ունևոր սփյուռքահայերին նյութապես շահագրգռելով վերադառնալ Հայաստան:

Այս բոլորի համար պետք է աշխատել առաջիկա տարիներին Հայաստանը զերծ պահել արտաքին ցնցումներից: Ինչո՞ւ եմ այս հարցը համարում առաջնահերթ: Որովհետև կարծում եմ, որ մի որոշ ժամանակ անց այս տարածաշրջանում առնվազն 5 միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրի գոյատևման հեռանկարը կվատթարանա:

– Ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել նոր տարվանից:

– Նախապես թույլ տվեք շնորհավորել մեր ժողովրդին և Ձեզ՝ Ամանորի կապակցությամբ: Ապա, նոր կառավարության կազմելը և նրա ծրագրերը ցույց կտան այս հարցի պատասխանը: «Ակնկալելը» մի բան է, իրողությունների թելադրանքով զարգացումները՝ մեկ այլ բան:

Խնդիրները նախևառաջ տեսնելն է՝ դրանց լուծման միջոցներն ու  հերթականությունը  սահմանելու համար: Ես նոր կառավարության կազմում կուզեի տեսնել  քաղաքական և մասնագիտական բարձր ու հիմնավոր գիտելիքներով օժտված լայնախոհ անձանց, մարդկանց, որոնք հասկանում են, թե որո՛նք են մեր երկրի և ժողովրդի իրական պետական շահերը և նվիրված են դրանց, նրա՛նց, որոնք տեսնում են այլ երկրների և ժողովուրդների շահերը և դրանց տեղաշարժերը, նրա՛նց, որոնց գաղափարական հենքը իրատեսությունն է, որոնք մերժելով մերժում են կեղծուպատիր և կործանարար ավանդական ուղենիշները:  Ես ապագա նոր կառավարության անդամներին նախապես մաղթում եմ  կամք ու եռանդ, ճկունություն ու վճռականություն:

1in.am

(Visited 48 times, 1 visits today)