Եթե զիջում ասելով հասկանում ենք հանձնել հողերը, դա շատ վտանգավոր խաղ է. Հայաստանը պետք է թավշյա հեղափոխության ուժը ուղղի արտաքին քաղաքականությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, Փարիզի քաղաքագիտության կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը։

– Պարոն Մինասյան, 2019 թվականին Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ ի՞նչ սպասումներ ու սպասելիքներ կան: Դուք լիահո՞ւյս եք, որ 2019-ին կլինեն բեկումնային զարգացումներ Հայաստանի կյանքում:

– 2019 թվականը պետք է հաղթանակի տարի լինի բոլոր առումներով, բոլոր ասպարեզներում: Այն պետք է լինի ինքնավստահության ու արժանապատվության հաղթանակի, նոր սկզբի տարի, որը պետք է իրականացվի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ:

Առաջին հերթին Նոր տարին պետք է լինի խաղաղության, կայունության տարի, ակնկալում ենք նոր գաղափարներ, նոր մոտեցումներ Արցախի խնդրի շուրջ, բայց առանց ինքնազիջումի: Եթե զիջում ասելով հասկանում ենք հանձնել հողերը, դա շատ վտանգավոր խաղ է:

Պետք է շարունակել բանակցությունները և նոր մոտեցումներ մշակել, բայց ոչ Լևոն Տեր-Պետրոսյանական մոտեցումների հիմքով, որովհետև նրա գաղափարները շատ կոշտ արձագանք են գտնում հայ հասարակության մեջ: Դա ցույց տվեցին նաև նախորդ տարվա ընտրություններում նրա գլխավորած ուժի ստացած ձայները:

Ես հույս ունեմ, որ Հայաստանի նոր կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չի հետևի այդ պարտվողական գաղափարներին: Հույս ունեմ, որովհետև մտահոգություն կա, որովհետև Փաշինյանը չի հստակեցնում արտաքին քաղաքականության նպատակը: Նա պետք է հստակեցնի իր մոտեցումն ու նպատակը, որպեսզի ողջ հայ ժողովուրդը նրա թիկունքին կանգնի արտաքին քաղաքական ճակատում:

Մենք պետք է նոր արտաքին քաղաքականություն մշակենք, որպեսզի Հայաստանն ավելի կարևորություն ստանա տարածաշրջանում և ամբողջ աշխարհում: Դա նշանակում է, որ Հայաստանը պետք է թավշյա հեղափոխության ուժը ուղղի արտաքին քաղաքականությանը և դիվանագիտությանը: Հաջորդը մեր արտաքին քաղաքականության մեջ պետք է լինի այն, որ լավ հարաբերություններ մշակվեն Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ:

Այդ հավասարակշռությունը պետք է պահել: Այսինքն՝ մենք պետք է լինենք ավելի ժողովրդավարական, թավշյա հեղափոխության հետևորդ ուժը: Միաժամանակ Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է լինենք դաշնակիցներ անվտանգության առումով, որովհետև տեսանք, որ ԱՄՆ-ի կողմից ոչինչ պետք չէ սպասել, ու դա պետք է հաշվի առնել:

Անվտանգության առումով այս պահին ԱՄՆ-ից որևէ սպասելիք մենք չունենք:  Քանի որ Թրամփը հեռանում է Սիրիայից, նշանակում է ինքը անպատասխանատու կեցվածք է մշակում, և դա մեզ համար լավ չէ: Ամփոփելով՝ ասեմ, որ մեզ համար ամենակարևորը ժողովրդավարության և անվտանգության հարցերն են, որոնց պետք է հետևողականորեն հետևենք:

– Ի՞նչ զարգացումներ են, ըստ Ձեզ, սպասվում Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Որքանո՞վ ներդրումային դաշտը կբարելավվի, որքանո՞վ ներդրումները կավելանան։

– Կարևորը ներքաղաքական կայունության ապահովումն է, որի հիմքում պետք է լինեն սոցիալական կյանքում նոր մոտեցումների կիրառումն ու տնտեսական զարգացումը: Եթե թավշյա հեղափոխությունը չունենա տնտեսական զարգացում, կամաց-կամաց կկորցնի իր ամբողջ ուժն ու հմայքը:

Похожее изображение

Պետք է նաև նոր գաղափարներ մշակել Հայաստանի և Սփյուռքի հարաբերություններում: Ես հասկանում են Նիկոլ Փաշինյանի որոշումը, որ սփյուռքի նախարարություն պետք չէ, քանի որ այն ոչ մի արդյունք չի ունեցել, բայց պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունները նոր մոտեցումներով զարգացում ապրեն՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային, թե՛ սոցիալական և այլ առումներով: Դա թույլ կտա գիտակցել, որ ունենք միացյալ կառավարություն:

Հաջորդ կարևոր խնդիրը ներքին կյանքում սոցիալական արդարությունն է: Մարդիկ իրենց ամենօրյա կյանքում դա պետք է զգան, պետությունը պետք է կարողանա ապահովել նրանց նվազագույն պահանջները: Սա առաջնահերթություն է երկրի ու կառավարության համար:

Մյուս կողմից՝ եթե թավշյա հեղափոխությունը չունենա մշակութային բաղադրիչ, իբրև մշակութային վերածնունդ անիմաստ կլինի այդ հեղափոխությունը: Որովհետև ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունն արժանապատվության և մշակութային հեղափոխություն էր: Դա պետք է իր զարգացումն ունենա մշակութային կյանքում:

Ամփոփելով՝ կարող ենք նշել Հայաստանի առաջնահերթությունները 2019-ի համար՝ արտաքին առումով՝ խաղաղություն, ժողովրդավարություն, անվտանգություն, նոր գաղափարներ արտաքին ճակատում և Արցախի հարցում, իսկ ներքին կյանքում՝ տնտեսական զարգացում, քաղաքական կայունություն ու նոր գաղափարներ, նոր քաղաքականություն Սփյուռքի և Հայաստանի միջև, սոցիալական արդարություն և մշակութային հեղափոխություն:

– Այս առումով արդյոք ՀՀ իշխանությունները ցո՞ւյց են տալիս, որ գնում են իսկապես համակարգային փոփոխությունների, թե՞ միայն մակերեսային կառուցվածքային փոփոխություններ են իրականացնում՝ մասնավորապես, փակելով Սփյուռքի նախարարությունը կամ նախարարություններ կրճատելով:

– Այստեղ կարևոր է, որ դեռ նոր կառավարություն չկազմած՝ որոշեցին, որ պետք է որոշ նախարարություններ վերացնեն, մյուսները միացնեն: Սա, իմ կարծիքով, կոմունիկացիայի սխալ է:

Նախ պետք է ասեն, թե ինչ են ուզում ստեղծել, ինչ են ուզում անել մշակույթի հետ, Սփյուռքի հետ և մյուս ոլորտներում, հետո արդեն իրենց նախանշած նպատակներին հասնելու համար պետք է քայլեր անել, այդ թվում՝ փակել սփյուռքի նախարարությունը, մշակույթի նախարարությունը և մյուս նախարարությունները: Հասկանալի է, որ Հայաստանը պետք է թեթևանա բյուրոկրատիայից:

Որպես նախկին խորհրդային հանրապետություն՝ Հայաստանում բյուրոկրատիան մեծ տեղ է գրավում և շատ ժամանակ է խլում, հետևաբար այն պետք է կրճատվի, բայց այստեղ կոմունիկացիայի հարցը կա: Օրինակ՝ նախքան սփյուռքի նախարարությունը փակելը պետք է Փաշինյանն ասեր, թե ինչ ձևով, ինչ նպատակով է ուզում զարգացնել հարաբերությունները Սփյուռքի հետ: Իսկ հիմա նախ՝ փակում են, հետո նոր կա՛մ կասեն նպատակը, կա՛մ չեն ասի:

1in.am

(Visited 58 times, 1 visits today)