Մոսկվան պետք է պատասխանի մի հարցի՝ ի՞նչ է կատարվելու, եթե նա կորցնի Հայաստանում իր տեղը. Մոսկվան վերադառնում է սպասելիին

Հաջորդ շաբաթ դատարանը կվերսկսի դեռևս նախորդ տարեվերջից հետաձգված նիստը, որտեղ քննարկվելու է Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու նրա փաստաբանների հայցը:

Похожее изображение

Անկախ դատարանի որոշումից, այս գործն ունի հետաքրքիր ասպեկտներ, որոնք ոչ միայն ներքաղաքական են: Եվ ոչ միայն առնչվում են Ռոբերտ Քոչարյանին:

Խոսքը Մարտի 1-ի գործի մասին է, որով անցնում են մի շարք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ: Նրանք բոլորը այս կամ այն կերպ հայտնվել են Ռուսաստանի հոգածության ներքո և սա իհարկե չի կարող լինել պատահական:

Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը, որ կալանքի տակ է Հայաստանում, արժանանում է ՌԴ նախագահի շնորհավորանքներին՝ տարբեր առիթներով: Եվ այստեղ ուրվագծվում է կարեւոր մի խնդիր, որ առկա է հայ-ռուսական հարաբերության տիրույթում:

Դա նախկին իշխող համակարգի եւ ՌԴ իշխանության թելերի խնդիրն է: Այդ թելերը գործնականում սարդոստայն են Հայաստանի եւ Ռուսաստանին բնականոն հարաբերության ձեւավորման գործընթացի համար:

Եվ քանի դեռ այդ թելերը չեն քանդվել մեկ առ մեկ, հայ-ռուսական իրապես միջպետական հարաբերությունը լինելու է այդ սարդոստայնում:

Похожее изображение

Այդ իմաստով, երկկողմ հարաբերությունում Հայաստանի նոր իշխանությունը զբաղված է ըստ էության նույն բանով, ինչով զբաղված է Հայաստանի ներսում՝ նախկին կոռուպցիոն քրեաօլիգարխիկ բուրգի հանգույցները քանդելով, ապամոնտաժելով, բայց այնպես, որ չվնասվեն պետական կարեւոր անոթները, չտուժի պետական կառավարման համակարգը, որի հետ չափազանց սերտաճած է եղել նախկին իշխող բուրգը:

Գործնականում նույն խնդիրն է հայ-ռուսական հարաբերությունում: Մենք տեսնում ենք, թե որքան է նախկին համակարգի և ՌԴ սերտաճումը: Եվ այս թելերը պետք է մեկ առ մեկ վնասազերծել այնպիսի զգուշավորությամբ, որ չվնասվի հայ-ռուսաան հարաբերությունն ընդհանրապես:

Միաժամանակ, զգուշավորության հետ մեկտեղ թե ներսում, թե դրսում անհրաժեշտ է նաեւ որոշակիօ նախաձեռնողականություն, այլապես համակարգն ինքնին բավականին մարտնչող է եւ կարող է կարծրանալ:

Ընդ որում, հայ-ռուսական հարաբերության հետ սերտաճումը ունի այնպիսի աստիճան, որը խոշոր հաշվով արդեն որոշակի ազդեցության աղբյուր է ծառայում ներքին պրոցեսների համար, դրանց ընթացքը արգելակելու համար:

Սա իհարկե Հայաստանի խնդիրն է՝ ինչպես անջատել այդ լարերը, որպեսզի մի կողմից դրանք դադարեն այսպես ասած հաղորդակից լինել եւ ՙլարման տակ՚ պահել Հայաստանը, մյուս կողմից չվնասել հայ-ռուսական հարաբերության այն ամբողջ շահախմբին, որ անկասկած կա եւ որը կարեւոր է թե Հայաստանի, թե Ռուսաստանի համար:

Միեւնույն ժամանակ, այս իրավիճակը խնդիր է նաեւ Ռուսաստանի համար: Եվ ավելին, գուցե Հայաստանի մասշտաբները հաշվի առնելով մեզ համար խնդիրը ավելի տեսանելի ու զգալի է թվում, քան Ռուսաստանի համար, սակայն մասշտաբի էֆեկտը այստեղ կարող է խաբուսիկ լինել եւ իրականում այս խնդիրը ավելի վտանգավոր կարող է լինել հենց Ռուսաստանի համար:

Ի վերջո, Մոսկվան պետք է պատասխանի իր համար մի հարցի՝ ի՞նչ է կատարվելու, եթե նա կորցնի Հայաստանում իր տեղը: Ընդ որում, սա շատերը դիտարկում են զուտ այսպես ասած ֆիզիկական ներկայության ձեւով, ասենք ռազմակայանի:

Իրականում, Ռուսաստանը Հայաստանում ֆիզիկապես կարող է ներկա լինել, սակայն դա չէ թերեւս ամենաէականը: Ամենաէականը լինելու է այն, երբ Հայաստանը սկսի Ռուսաստանին դուրս մղել իր քաղաքական օրակարգից, իր քաղաքականության առաջնահերթություններից:

Картинки по запросу քոչարյան պուտին

Այստեղ թվում է, որ Հայաստանը շատ փոքր է, այնպիսի որոշումների համար, որոնք կարող են անհարմարություն ստեղծել Ռուսաստանի համար: Սա է մասշտաբի էֆեկտի խաբուսիկությունը, որի մասին նշում ենք:

Այդ դեպքում Ռուսաստանին մնալու է պատերազմ հայտարարել Հայաստանին: Իսկ դրան սպասում են Թուրքիան ու Ադրբեջանը: Ոչ թե Հայաստանի հարցերը լուծելու համար, այլ հենց Ռուսաստանի:

Թվում է, որև դիտարկում ենք շատ ծայրահեղ, երեւակայական սցենար, կամ վատ երազ: Բայց ամբողջ հարցն այն է, որ Ռուսաստանը՝ որպես միջազգային տերություն, ռեգիոնալ առանցքային խաղացող և հայկական պետության ֆորմալ դաշնակից, ինքն է արդեն ծայրահեղության որոշակի աստիճանի հասցրել իրավիճակը, Քոչարյանի գործով ցուցադրական դեմարշներով, որովհետև թավշյա հեղափոխությունից հետո ոչ միայն Հայաստանի կառավարությունը դույզն իսկ վտանգ չի ստեղծել Ռուսաստանի համար, այլ նաև Հայաստանի հասարակությունը բարձր է գնահատել հեղափոխության օրերին Ռուսաստանի ինչ-որ առումով նույնիսկ անսպասելի պահվածքը:

Հիմա Մոսկվան վերադառնում է սպասելիին, հետեւաբար պետք է սպասել եւ պատրաստ լինել ամեն ինչի, այնպես, ինչպես պետք է պատերազմի պատրաստ լինել՝ խաղաղություն ապահովելու համար:

Նույն կերպ, պետք է պատրաստ լինել Ռուսաստանի ամենածայրահեղ անհամարժեքության, ընդհանուր առմամբ այդ հսկա մարմինը համարժեքության դաշտում պահելու համար, քանի որ այնտեղ ըստ էության սկսված են լրջագույն պրոցեսներ, առայժմ ստորջրյա:

1in.am

(Visited 143 times, 1 visits today)