Հեղափոխությունը պետք է թափանցի մեր կյանքի բոլոր ոլորտները

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը սոցկայքի իր էջում գրել է.

«Հայրենակի’ց, ինչպես գիտես անցնող 2018 թվականը լեցուն էր Հայաստանի Հանրապետության համար և հայ ժողովրդի կյանքում տարբեր իրադարձություններով, որոնց մեջ գլխավորը Թավշյա հեղափոխությունն էր։

Այն ցնցեց հայ հասարակությունը արմատապես։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ քաղաքական վերնաշենքին և, հատկապես, հայ ազգային և քաղաքացիական ինքնագիտակցությանը։

Այդ գործընթացը որոշակի հակասականությամբ և անհետևողականությամբ իր ավարտուն տեսքը ստացավ ԱԺ արտահերթ ընտրություններում։ Ձևավորվեց, սակայն, չբալանսավորված ԱԺ։

Ակնհայտ է, որ մինչև օրս հեղափոխությունը չի շոշափել հասարակության քաղաքական համակարգն ամբողջապես, տնտեսական ոլորտը, հոգևոր-մշակութային հարաբերությունները, հասկանալի չէ կառավարչական ապարատի բարեփոխումների տրամաբանությունը։

Վերափոխումներին անհաղորդ է կրթական համակարգն ամբողջապես։ Ընդսմին, չի շեշտադրվում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող սեփական հումքի վրա ստեղծվելիք արդյունաբերական համալիրը, հոդաբաշխ բացատրություն չի տրվում հայրենադարձության պահանջին։ 

Ինչպես տեսնում եք խնդիրները բարդ են, այդուհանդերձ անլուծելի չեն։ 

Ընտրարշավից ձեզ հայտնի է, որ Հայաստանի Քրիստոնեա-Ժողովրդվարական կուսակցությունը (ՀՔԺԿ) ունի որոշակի առաջարկներ` ծագած խնդիրների լուծման ուղղությամբ, և համարում է, որ հեղափոխությունը պետք է թափանցի մեր կյանքի բոլոր ոլորտները. կազմաքանդելով առաջին հերթին <<խորքային պետությունը>> (deep state):

Մենք լի ենք վճռականությամբ` հընթացս վերակազմելով ՀՔԺԿ-ն ՈՐՊԵՍ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ մասնակցել ՀՀ քաղաքական գործընթացներին, արձագանքել սփյուռքում ծավալվող իրադարձություններին, տեսակետ հայտնել ՀՀ արտաքին քաղաքականությանը և անվտանգությանը վերաբերող հիմնախնդիրների վերաբերյալ, տեսական և գործնական բանավեճերում պաշտպանել քրիստոնեական և ժողովրդավարական դոկտրինի հիմնադրույթները։

Որպես ազգային-պահպանողական քաղաքական հոսանք, որի հիմքում ընկած է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու արժեհամակարգը և դավանանքի փիլիսոփայությունը, հայոց արքետիպն ու ինքնատիպությունը, ցույց կտանք ամբողջական և ընդարձակվող Հայաստանի տեսլականը։ 

Ուրեմն` ԵՂԻՑԻ ԱՐԱՐՉԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ»։

mamul.am

(Visited 46 times, 1 visits today)