Անցյալի սխալ քաղաքականությունը չենք շարունակելու

Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Երևանում գտնվող թուրք լրագրողները հանդիպել են արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ:

Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության կայքում հրապարակված «ՀՀ արտգործնախարար Մնացականյան. ցանկանում ենք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները» խորագրով հրապարակման մեջ մանրամասներ են ներկայացվել հանդիպման ընթացքում նախարարի արտահայտած տեսակետներից:

Ըստ հրապարակման՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նախարար Մնացականյանը նշել է, որ երկու երկրների բանակցություններին նոր դինամիկա կհաղորդվի:

«Մենք ցանկանում են կարգավորել Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները և այդ հարցում շարունակականությունն ենք  գերադասում: Երկու երկրների միջև նախկինում տհաճ դեպքեր են եղել, սակայն մենք առանց նախապայմանների պատրաստ ենք բանակցել:

Եթե անգամ դժվար է թվում, այնուամենայնիվ, երկու երկրների միջև պետք է նոր ուղի գծել»,- նշել է Մնացականյանը:

Նախարարը շեշտել է, որ հայերը թուրքերի հանդեպ նախապաշարմունք չունեն և դեմ են խտրականությանը:

«Մենք հարևան երկրներ ենք և խնդիրները լուծելու համար բավականաչափ ներուժ ունենք:  Մենք կողմ ենք լուծման համար երկխոսություն սկսել»,- ըստ թուրքական աղբյուրի, ասել է Մնացականյանը՝ ավելացնելով, որ անցյալում երկու երկրների միջև տեղի ունեցածը չպետք է կրկնվի:

Անդրադառնալով հետընտրական Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝  նախարարն ասել է. «Մենք Ռուսաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի, ինչպես նաև մեր հարևաններ Վրաստանի և Իրանի հետ լավ հարաբերություններ ունենք:

Միաժամանակ լավ հարաբերություններ ունենք աշխարհի մյուս ծայրում գտնվող Չինաստանի, Ճապոնիայի և այլ ասիական երկրների հետ: Սակայն մեր առաջնային և ամենակարևոր առաջնահերթությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումն է:

Մենք Հայաստանի անվտանգության քաղաքականությունը ձևավորելու հարցում շատ ուշադիր ենք»:

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ արցախյան հակամարտության առնչությամբ նախարար Մնացականյանը նշել է, որ նոր կառավարությունը ձևավորման պահից՝ մայիսից սկսած, ԼՂ հարցում նոր լուծում է փնտրում և այս հարցում բանակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ:

Հիշեցնելով, որ վարչապետ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև իր և Ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումների մասին՝ նախարարն ասել է, որ  Հայաստանը ցանկանում է խնդիրը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծել և խաղաղությունն ապահովելու համար բավականաչափ ներուժ ունի:

Մնացականյանը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նման երկրների մասնակցությամբ ազդեցիկ դիվանագիտությունն օգտակար կլինի: Այդ առնչությամբ, ըստ թուրքական գործակալության, Մնացականյանն ասել է հետևյալը.

«Ե՛վ լարվածությունը, և՛ ատելության խոսքը նվազեցնելու այս երկրների ջանքերը շատ կարևոր են: Հայաստանի առաջնահերթությունն անվտանգությունն է և ԼՂ-ի կարգավիճակը»:

Նշվում է, որ ՀՀ քաղաքականության մեջ մեծ փոփոխությունների մասին խոսելիս Մնացականյանն ասել է. «Քաղաքական գործիչների նոր սերունդն ավելի լայնախոհ է: Ինձ հույս է ներշնչում այն, որ երիտասարդ քաղաքական գործիչները պատասխանատու են և տրամաբանված են գործում:

Մենք համբերատար ենք և անցյալի սխալ քաղաքականությունը չենք շարունակելու»:L

1in.am

(Visited 353 times, 1 visits today)