Ազգային ժողովը մնջախաղի թատրոն չէ, որ գան, լուռ ձեռնաշարժությամբ զբաղվեն

Այսօր ամենաքննարկվող թեման նախօրեին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված բանավեճն էր՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի առաջնորդների մասնակցությամբ:

 «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչ տպավորություն թողեց այդ ձևաչափով բանավեճը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Գևորգ Գորգիսյանը նշեց, որ այդ փորձը աննախադեպ էր և ողջունելի.

«Շատ կարևոր է, որ խտրականություն չեղավ, և բոլոր քաղաքական ուժերի առաջին դեմքերը նույն հարթակում էին՝ հավասար պայմաններով»:

ԲՀԿ պատգամավորության թեկնածու Գևորգ Պետրոսյանի գնահատմամբ՝ հեռուստաբանավեճն առաջադիմական քայլ էր քաղաքական մշակույթը զարգացնելու գործում:

«Երեկվա հեռուստաբանավեճը արդյունավետ պրակտիկայի հաղթանակն էր անարդյունավետ տեսության նկատմամբ: Այն ընդգծեց քաղաքական լիդերների իրական դերակատարությունը մեր քաղաքական կյանքում»:

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Հովիկ Աղազարյանի գնահատմամբ՝ հեռուստաբանավեճը գեղեցիկ մշակույթ է և ցանկալի է, որ այն լինի շարունակական:

Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին՝ Գ. Պետրոսյանը մտահոգություն արտահայտեց՝ ընդգծելով. «Չի կարելի ծաղրել ժողովրդին և անիրականանալի խոստումներ տալ…

Ժողովուրդը պետք է տեսնի իրական ծրագրերը, խոսքը, մարդու ասելիքը, անելիքը: Ես հրապարակային բանավեճի հրավիրեցի իմ մրցակիցներին՝ թիվ մեկ ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածուներին, որևէ մրցակից չարձագանքեց:

Ինչո՞ւ են խուսափում: Ազգային ժողովը մնջախաղի թատրոն չէ, որ գան, լուռ ձեռնաշարժությամբ զբաղվեն և ասեն՝ մենք մեր գործն ավարտեցինք: Պետք է խոսել, մարդկանց խնդիրնրը ներկայացնել»:

Հ. Աղազարյանն արձագանքեց. «Եթե գնահատականներ են տրվում, պետք է անուններ էլ տրվեն, որ հասկականք՝ եթե մեզ է վերաբերում, պատասխան տանք…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am
(Visited 540 times, 1 visits today)