ՀՀԿ-ն առաջին պլան է մղել Շահնազարյանին. ուղղակի ամոթալի եմ համարում ՀՀԿ-ի այս պահվածքը. Իրավապաշտպան

«Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելու մեջ ես քաղաքական հետապնդման որևէ տարր չեմ տեսնում։

Նման հայտարարությունները չափազանցված են հատուկ ուշադրություն հրավիրելու համար իրենց անձի ուղղությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող՝ Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը հրավիրվել էր ԱԱԾ՝ բացատրություն տալու, հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու իր այն հայտարարության մասին, թե Նիկոլ Փաշինյանը իրականացնում է քաղաքական ծրագիր` իշխանություն՝ Արցախի փոխարեն։

Դավիթ Շահնազարյանը, ասուլիսի ժամանակ անդրադառնալով Թալինում քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե «մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե Արցախյան ազատամարտը», ասել էր.

«Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանը, իրականում դա քաղաքական ծրագիր է, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն: Ես խոստանում եմ, որ դուք բոլորդ դրանում կհամոզվեք: Այնպես որ, Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը»։

Սակայն երբ ԱԱԾ-ն տեղեկացրեց նրան հրավիրելու մասին, Շահնազարյանն ու նրա կողմնակիցները դրանից մեծ աղմուկ բարձրացրեցին՝ հայտարարելով, որ դա քաղաքական հետապնդում է վերջինիս նկատմամբ։

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելու մեջ քաղաքական հետապնդման տարրեր չկան, բայց և չկար անհրաժեշտություն ԱԱԾ-ի կողմից՝ բացատրության համար Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելու։

«Հայտարարությունները չափազանցված են, գուցե Շահնազարյանը մի քիչ չափն անցել է, բայց և հարկ չեմ տեսնում, որ ԱԱԾ-ն կանչեր Շահնազարյանին։ Ես այս ամենը դիտարկում եմ ընտրությունների կոնտեքստում»,- ասաց տիկին Ալեքսանյանը՝ հավելելով.

«Ես տեսնում եմ, որ վարչապետի թեկնածուն ևս երեկվա բանավեճում նորմալ էր համարում, որ ԱԱԾ-ն հրավիրել է Շահնազարյանին, բայց կարծում եմ, որ դա նորմալ չէ և վստահ եմ, որ ընտրությունների ավարտից հետո և՛ նման հայտարարությունները կավարտվեն, և՛ պետական դավաճանության հիմքերով հնարավոր քրեական գործերը կկարճվեն, եթե հարուցվեն։

Այս ամենը լիովին տեղավորվում է նախընտրական քարոզչության այս փուլում, ՀՀԿ-ն առաջին պլան է մղել Շահնազարյանին, ու ես ուղղակի ամոթալի եմ համարում ՀՀԿ-ի այս պահվածքը։

ՀՀԿ-ին բացարձակ պետք չէ տեղ տալ, բանավիճել նրանց հետ, քանի որ նրանք դիրքավորված են ագրեսիվ, մարտնչող տրամադրություններով, առանց զղջման զգացողության։ Այս կոնտեքստում են նաև Դավիթ Շահնազարյանի հայտարարությունները»։

Մեկ այլ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ևս քաղաքական հետապնդման տարր չի տեսնում Շահնազարյանին ԱԱԾ կանչելու մեջ։ Պողոսյանը զավեշտալի է համարում Շահնազարյանի կողմից այդ փաստը որպես քաղաքական հետապնդում որակելը։

«Զավեշտալի է, որ այսօր քաղաքական հետապնդման մասին խոսում է Դավիթ Շահնազարյանը։ Սա ընդամենը ընտրություններից առաջ շահարկումներ են՝ փորձելով իրենց կարևորությունը ընդգծել։ Բայց այն, ինչ օրենքի սահմաններում է, չի կարող հետապնդում լինել։

Ես գտնում եմ, որ քաղաքական հետապնդման մասին շահարկումները քաղաքական գործչին ոչ վայել են։ Նույն Դավիթ Շահնազարյանը թող հիշի, թե ինչպես էին Վանոյի ժամանակ մարդկանց և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես հետապնդում։ Այլ բան չեմ կարող ասել Շահնազարյանի մասով»,- ասաց Պողոսյանը։

Մեր դիտարկմանը, թե որքանով էր տեղին Շահնազարյանի քաղաքական հայտարարությունները դարձնել իրավական հիմք հնարավոր քրեական գործի համար, իրավապաշտպանը պատասխանեց.

«Ես չեմ ուզում գնահատել ԱԱԾ-ի աշխատանքը, բայց եթե ԱԱԾ-ի կողմից ոչ իրավաչափ գործողություններ են եղել, թող Շահնազարյանը դիմի դատարան այդ հիմքով։ Ցանկացած խնդրի ամենաճիշտ լուծումը իրավական ճանապարհն է»։

1in.am

(Visited 57 times, 1 visits today)