Ոչնչացվել են մարտի 1-ին զորքի օգտագործման եւ հնարավոր է սպանությունների ապացույցները

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել մարտի 1-ի գործով նախկին քննչական խմբի ղեկավարին ու դատաձգաբան-փորձագետին մեղադրանք առաջադրելու մասին։ Ըստ հաղորդագրության, քննչական խմբի ղեկավարը դատաձգաբան-փորձագետի եւ մի խումբ ոստիկանների հետ կեղծել են ապացույցներ:

«Քրեական գործով 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ նշանակված դատաձգաբանական փորձաքննության կատարման ընթացքում Վ. Հ.-ն և քննչական խմբի քննիչը ՀՀ հատուկ քննչական ծառայություն են հրավիրել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմի պաշտոնատար անձին և հայտնել, որ ՀՀ զինված ուժերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և վերջիններիս կողմից կատարած գործողությունները հերքելու նպատակով անհրաժեշտ է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի և տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինել ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով:

Նշված պաշտոնատար անձը հիշյալ հանձնարարությունը ստանալուց հետո այն իր հերթին հանձնարարել է ՀՀ ոստիկանության զորքերի իրեն ենթակա ծառայողներին: Վերջիններս ՀՀ ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողների հետ ոստիկանության զորքերի՝ Արարատի մարզի Գետազատ գյուղում գտնվող մարտական կրակային դաշտում տարբեր տեսակի և տրամաչափի ինքնաձիգներից կրակել են պահանջվող քանակությամբ փամփուշտներ:

Դրանից հետո կրակված փամփուշտների պարկուճները տարվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հանձնվել քննիչին: Այնուհետև պարկուճները տրամադրվել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ, նշանակված դատաձգաբանական փորձաքննությունը կատարող Ա. Հ.-ին:

Վերջինս, օժանդակելով Վ. Հ.-ին, նրա կազմակերպմամբ և անմիջական ցուցումներով նշված պարկուճներով փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճները:

Հետագայում կեղծված ապացույցների հետազոտման արդյունքներն Ա. Հ.-ն ամրագրել է իր կողմից տրված՝ փորձագետի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի ակնհայտ կեղծ եզրակացությունում, որն էլ, որպես կեղծ ապացույց, 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին և դրվել շրջանառության մեջ», ասվում է հաղորդագրության մեջ։

Այսինքն, տեղի է ունեցել խոշորագույն հանցագործություն՝ կեղծվել ու ոչնչացվել են մարտի 1-ին զորքի օգտագործման եւ հնարավոր է սպանությունների ապացույցները: Այն ժամանակ քննչական խմբի ղեկավարը՝ Վահագն Հարությունյանը, հետագայում ստացավ բարձր պաշտոններ ու սեփականություն: Այսինքն, ստացվում է, որ նրա այս աշխատանքը գնահատվել է իշխանության կողմից:

Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ մեղադրանքին անդրադառնալով, հայտարարել էր, թե տեղյակ չէր ոչ 0038 գաղտնի հրամանից, ոչ էլ նրանից, թե ինչով էր զբաղված բանակն այդ օրերին:

Մարտի 1-ի գործով քննչական խումբը ձեւավորվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջին օրերին եւ շարունակել գործել արդեն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: Հետաքրքիր է՝ նրանք գիտեի՞ն այս մասին, թե՞ Վահագն Հարությունյանն էլ բանակի պես «ինքնագլուխ» է եղել:

Ի դեպ, Վահագն Հարությունյանը, որը վերջին շրջանում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն էր, արդարադատության գեներալ, պետական պարգեւների ասպետ, մայիսի սկզբին՝ հեղափոխության օրերին, ըստ ԶԼՄ-ների՝ փախել է Հայաստանից: Ըստ ԶԼՄ-ների այն ժամանակվա հրապարակման՝ նա ասել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, չի վերադառնալու Հայաստան: Նրա հանդեպ հետախուզում է հայտարարված:

Աղբյուր՝ lragir.am

(Visited 146 times, 5 visits today)