Հեղափոխությունն է ափսոս, որ մնում է «Կարսը հանձնած» զինվորների հույսին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ տեղեկացրել է, որ դադարեցնում է անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ մաս կազմելով Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ին։

«․․․Ես հավատում եմ, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը մեր պայծառ ապագայի գլխավոր շանսն է: Ես գիտեմ, որ անցյալի ուրվականը դեռ թափառում է Հայաստանում: Ես համոզված եմ, որ ապագայի և անցյալի կռվում պիտի կանգնել հեղափոխության կողքին ուղղակիորեն, անմիջականորեն, ուս-ուսի տված: Ուստի, ես իմ ուղղակի և անվերապահ աջակցությունն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին և հեղափոխությանը Հայաստանի համար այս բախտորոշ ժամանակներում և իմ քաղաքական գործունեությունը իրականացնելու եմ հեղափոխության թիմի հետ միասին, որովհետև մեր պետության նավը դուրս է եկել ծով, որը լի է փոթորիկներով և ծովահեններով, իսկ առագաստը պիտի պահել ամուր, որովհետև նավը պիտի հասնի մեր երազանքների ափին»,- գրել է երիտասարդ պագամավորը:

Տեքստի բառամթերքն արդեն քաղաքական չէ ու շատ նման է անցյալ դարասկզբի կոմերիտականների բոցավառ ելույթներին, որոնցով հավատարմություն էր հայտնվում բոլշևիկյան հեղափոխությանը՝ խոսելով դրա պայծառ ապագայի մասին։

Սակայն խնդիրն ավելի սկզբունքային է, քան կարող է թվալ առաջին հայցքից, որովհետև երիտասարդ քաղաքական գործիչն, ով, անշուշտ հեռանկար ու պոտենցիալ ունի, որոշել է նոր Հայաստանում ընտրել ինքնադրսևորման ամենակարճ ու հեշտ ճանապարհը, ընդ սմին՝ դա անելով փաստերի ուղղակի կամ անուղղղակի մանիպուլյացիայի ճանապարհով։

Շատ ավելի անկեղծ կլիներ, եթե Հայկ Կոնջորյանը խոստովաներ, որ մանդատն իր համար այնքան կարևոր է, որ դա որոշել է նվաճել ոչ թե պայքարի, առաջիկա քարոզարշավում քաղաքական հետևողական գործունեություն իրականացնելու, այլ՝ այսպես կոչված, «ջերմոցային» պայմաններում՝ Նիկոլ Փաշինյանի բարձր հեղինակության շնորհիվ։

Տխուր է խոստովանել, որ երիտասարդ գործիչը, որի ապագան դեռ առջևում է, քաղաքական պատեհապաշտությանը տրվում է իր ուժերի ծաղկման շրջանում՝ փնտրելով ոչ թե սկզբունքներ, այլ՝ մարդկանց, որոնց ուսերին պետք է հայտնվել խոհրդարանում։

Երեկ այդ մարդը Էդմոն Մարուքյանն էր, ում նկատմամբ Կոնջորյանը հավատարմություն է հայտնել քանիցս ու մշտապես(նաև՝ անձնական հարաբերություններում), այսօր՝ Նիկոլ Փաշինյանն է, վաղը՝ արդեն կարևոր չէ, որովհետև նրա քաղաքական վարքագծի հիմքում այլևս ոչ թե արժեքային համակարգն է, այլ՝ ամեն գնով մանդատ ունենալու անհագուրդ ցանկությունը։

Ուղղակի ծիծաղելի է, երբ քաղաքագետի մասնագիտություն ունեցող մարդը իր քայլը մոտիվացնում է հեղափոխության կողքին լինելու անհրաժեշտությամբ։ Արդյո՞ք Կոնջորյանը պնդում է, որ «Լուսավոր Հայաստանը» կամ «Լույս» դաշինքը հակահեղափոխական ուժեր են, ե՞րբ նա դա հասկացավ՝ հեղափոխությունից հետո՞, թե՞ հիմա, երբ սեփական առաջընթացի համար հասարակության ակտիվ հատվածի կեսը «հեղափոխական» երդումներ է տալիս։

Այս հարցերին Կոնջորյանը քաղաքական պատասխաններ տալ չի կարող ու հենց իր ասելիքի բացակայությունը քողարկելու նպատակով է դիմել բարձրագոչ հայտարարությունների, պաթետիկ ձևակերպումների, «անցյալի ուրվականներին» ու «պայծառ ապագաներին»։

Քաղաքական պատեհապաշտության հետ անիմաստ է փաստարկներով խոսելը, ուղղակի հարկ ենք համարում հիշեցնել, որ թավշյա հեղափխության կուլմինացիոն փուլերից մեկը տեղի է ունեցել Հայաստանի խորհրդարանում՝ ապրիլի 17-ին, երբ Կոնջորյանի ավագ ընկերը ու քաղաքական հաջողությունների հիմնական երաշխավորը՝ Էդմոն Մարուքյանը, «Ելքի» իր գոծընկերներ Արամ Սարգսյանի ու Արտակ Զեյնալյանի հետ միասին, պատռում էին վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի դիմակը՝ վերջինիս ներկայությամբ փաստելով նրա քաղաքական մերկությունը, սնանկությունը։

Անցած տաս տարիների ընթացքում ոչ ոք Սարգսյանի ճակատին ուղիղ չէր ասել այն, ինչն այդ օրը նա լսեց Էդմոն Մարուքյանից, Արտակ Զեյնալյանից, մյուսներից։ Խորհրդարանի այս նիստը պատմական, շրջադարձային էր, որից հետո հասարակությունը հավատաց փոփոխություններ իրականացնելու իր ուժին, վճռականությանը։

Հեղափոխությունը պատռեց դիմակներ, բացահայտեց ամեն ինչ ու ամենքին ու հաստատապես «Լուսավոր Հայաստանը» չի լինելու միակ կուսակցությունը, որին դավաճանում են իբրև թե հանուն իդեալների, սակայն՝ մանդատի համար, ու Հայկ Կոնջորյանը չի լինելու առաջին ու վերջին քաղաքական «փախստականը», ով պատեհապաշտությունը համարելու է առաջխաղացման միակ սանդուղքը։

․․․Հեղափոխությունն է ափսոս, որ մնում է «Կարսը հանձնած» զինվորների հույսին։ Նոր Հայաստան՝ հին կոմսմոլներով․ այս դաժան ճշմարտությունն է, որը շուտով մսխելու է հասարակության հավատը՝ բոլոիս կանգնեցնելով հին, կոտրված տաշտակի առաջ։

Աղբյուր՝ 1in.am

(Visited 88 times, 4 visits today)